«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում, մասնավորապես, ասում է․
«Բարի երեկո մեզ շատ սիրող և, հատկապես, չսիրող մարդիկ: Երեկ ծանոթացա ռեժիմի պարագլխի ճեպազրույցին, որի ընթացքում վերջինս ասում է. «Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի…»: Պարագլխի հերթական երեսպաշտությանը կարելի էր քմծիծաղով վերաբերվել, եթե վերջինս չշարունակեր հետևյալ նախադասությամբ. «Դուք կասեք ես էլ եմ այդ գործով (հայհոյախոսությամբ զբաղվել), ճիշտ կասեք, դրա համար ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»:
Փաստորեն, ռեժիմի պարագլուխը հերթական հրապարակային ինքնախոստովանական ցուցմունքն է տալիս` այս անգամ ի լուր բոլորի հայտարարելով, որ իր հայհոյախոսությունը «արտոնված» հայհոյախոսություն է, իսկ իր ու իր խմբակի հայհոյախոսությանը պատասխանելը քրեորեն պատժելի արարք: Ընդհանրապես, սրանց երեսպաշտությունը վաղուց վերածվել է ագրեսիվ ոչնչապաշտության, որտեղ չի գործում որևէ պայմանավորվածություն, որևէ կանոն, որևէ բարոյական մինիմում: Այսինքն, ի՞նչ է դուրս գալիս. Նիկոլն ու խմբակը կարող են հայհոյախոսել, որևէ քրեական հետապնդման չենթարկվել քննչական մարմինների կողմից իրենց խոսույթը հայհոյախոսություն չորակվելու պատճառով, հետո կանգնեն բացահայտ ընդունեն, որ իրենք հայհոյախոսել են և նորից դրան ոչ մի իրավական պրոցես չհետևի»:
«Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ է դնում համապատասխան քննիչներին և դատախազներին, որոնք, օրինակ, իմ ասած «հետույք» բառը որակում են անպարկեշտ, բայց օրինակ, մեզ «շան լակոտներ» անվանելն ու պարագլխի ինքնախոստովանական հայհոյախոսությունը համարում են հանցակազմ չպարունակող գեղեցիկ բառակապակցություններ:
Կարդացեք նաև
Սա է նիկոլական Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը, որի շղարշի տակ թաքնված են ռեժիմն իր պարագլխով և փոքրիկ խմբակով: Մի տեղ մարդն ասում է «ես հայհոյախոսել եմ և դրա համար գնում եմ եկեղեցի», մյուս տեղում նույն մարդը հրահանգում է մարդկանց բանտարկել «հետույք» բառի համար: Լավ մնացե՛ք, ինչքան որ դա հնարավոր է…»։


















































