Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Կարապետյան. «Մենք աճեցրել ենք չեմպիոնների մի ամբողջ սերունդ: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ գլխավոր հաղթանակները դեռ առջեւում են»

Նոյեմբեր 22,2025 22:11

Այսօր մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հանդիսավորությամբ դռները բացեց «Lion Heart», թարգմանաբար՝ «Առյուծի սիրտ», մարտարվեստների ակադեմիան:

Մարտարվեստների այս նոր կենտրոնում երեխաները MMA-ի, գրեմփլինգի, բռնցքամարտի, կարատեի, ազատ ոճի ըմբշամարտի, ֆունկցիոնալ ֆիզպատրաստության խմբերում կմարզվեն անվճար՝ լավագույն պայմաններում եւ լավագույն մարզիչների ղեկավարությամբ: Ակադեմիայում հավաքներ կանցկացնեն մարզիկներ ամբողջ աշխարհից: Ակադեմիայի առաքելությունը Հայաստանում համաշխարհային մակարդակի մարզիկներ աճեցնելն է՝ սպորտային վարպետությունը համադրելով պատվի, կարգապահության եւ անձնական արժեքների հետ:

«Tashir Group»-ի աջակցությամբ ստեղծված այս մարզական օջախը նաեւ յուրահատուկ կրթա-մշակութային կենտրոն է եւ ուղղված է Հայաստանում սպորտի ապագայի, առողջ սերնդի ձեւավորմանը, այս ակադեմիան ընտանեկան մի  միջավայր է, որտեղ մարտարվեստը դառնում է բնավորության, կամքի ուժի եւ փոխադարձ հարգանքի ձեւավորման միջոց:

Ակադեմիայի բացման արարողությանը «Տաշիր» ընկերությունների խմբի փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը, որի շնորհիվ է այս գաղափարը կյանքի կոչվել, շնորհակալություն հայտնեց «Lion Heart»-ի ամբողջ թիմին: «Այս ութ տարվա ընթացքում ինչ կա այս նախագիծը, շատ մեծ աշխատանք է կատարվել: Մենք աճեցրել ենք չեմպիոնների մի ամբողջ սերունդ, տվել ենք հնարավորություն բազմաթիվ հայ մարզիկների՝ զարգացնելու իրենց պոտենցիալը: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ գլխավոր հաղթանակները դեռ առջեւում են:

Այս ամենը հնարավոր դարձավ այն պատճառով, որ մենք երբեք այս պրոյեկտին չենք վերաբերվել որպես միայն սպարտայինի, այլ վերաբերվել ենք որպես ընտանիքի: Իսկ յուրաքանչյուր հայ մեծ ընտանիք ունի տան կարիք: Եվ մենք այսօր մեր տանն ենք, մեր հայրենիքում՝ նպատակ ունենալով դաստիարակել առողջ հասարակություն, առողջ՝ բոլոր իմաստներով:

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց Սամվել Կարապետյանի, այն մարդու, ով իր ամբողջ կյանքում սիրով աջակցել է բոլոր այն նախագծերին, որոնք կապված են հայ երիտասարդների հետ: Ով ինձ միշտ սովորեցրել է, որ հայը մնում է հայ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում: Նա ինձ միշտ սովորեցրել է, որ եթե դու ունես այդ հնարավորությունը, դա մեր պարտավորությունն է՝ օգնել, օգնել եւ օգնել: Պապ ջան: Մեր մոտ հըմմեն ինչ ստացվավ ու հըմմեն կստացվի»,-ասաց Սարգիս Կարապետյանը:

Բացման արարողությունից հետո ակադեմիայի ապագա սաների եւ հյուրերի համար եղան տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930