Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենց պատկերացմամբ խաղաղությունը դա է, ես իրենց համար շատ վատ լուր ունեմ՝ Ադրբեջանն այդ խաղաղությանը չի պատրաստվում». Անժելա Էլիբեգովա

Նոյեմբեր 23,2025 20:00

Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Տիգրանաշենը հանձնելու դեպքում ի՞նչ խնդիրներ կառաջանան Հայաստանի համար՝ ասել էր. «Շատ դժվար ու ծանր կլինի, Երեւանից ուղիղ գծով երեւի 30-40 կմ է հեռու, նույնիսկ տանկով կարող են խփել։ Եթե նա գալիս, քո սրտի մեջ է մտնում, բնական է, ինքն այնտեղ ցորեն ու կարտոֆիլ չի ցանելու, տանկեր ու հրանոթներ է դնելու»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով դիտարկմանը, թե նման պնդումները բխում են այն կանխադրույթից, թե հանձին Ադրբեջանի՝ էլի գործ ունենք թշնամու հետ (եւ հենց այդ բնորոշումն էլ զրույցի ընթացքում գործածեց հաղորդման մյուս մասնակիցը՝ սահմանադրագետ Գոհար Մելոյանը), մինչդեռ մեզ համոզում են, որ երկու տարի է՝ մենք արդեն խաղաղության մեջ ենք ապրում, ապագան արդեն այսօր է, երկու տարի է արդեն ապագա է եւ այլն, եւ ըստ այդմ՝ չպիտի զգուշանանք, թե այնտեղ տանկեր ու հրանոթներ են լինելու՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ասաց. «Եթե իրենց պատկերացրած այդ ապագան և խաղաղությունը նրա մասին է, որ Ադրբեջանն աճեցնում է ռազմական բյուջե, ինտենսիվացնում է ռազմական, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների հետ զորավարժությունները, աճեցնում է զենքի գնումները, անցկացնում է մեծ, շքեղ զորաշքերթ, զորահանդես Բաքվում և միլիտարիստական նվաստացնող հռետորաբանությամբ խոսում հայերի և Հայաստանի մասին… Եթե իրենց պատկերացմամբ խաղաղությունը դա է, ես իրենց համար շատ վատ լուր ունեմ՝ Ադրբեջանն այդ խաղաղությանը չի պատրաստվում»:

Թվարկելով անկլավների հանձնմանն առնչվող հաղորդակցային եւ այլ խնդիրները՝ Անժելա Էլիբեգովան ասաց. «Այդ ամեն ինչի մասին չեն խոսում, բայց մարդկանց ինչ-որ հեքիաթներ են պատմում, որ՝ այ հեսա Արծվաշենը բերելու ենք, գնալու եք՝ ապրեք։ Այսինքն՝ այդ հույսի վաճառականությունը, այդ խաղաղության միֆը մարդկանց վրա վաճառելը, երբ իրական գետնի վրա դա կարող է ունենա հերթական սարսափելի հետևանքները… որովհետև այնպես չէ, որ առաջին անգամ ենք տեսնելու, մենք ունեցել ենք քանի դեպք արդեն, երբ որ այ նման անհասկանալի, այսպես կոչված, սահմանազատումների արդյունքում մեր անվտանգությունն է տուժել»:

Հաղորդումն ամբողջությամբ

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ուշադիր կարդացի: Շատ հարուստ նյութ է:
    Բերում եմ իմ feedback, ինչպես արեցի և մյուս մասնակիցների պարագայում.
    Այն մասին է թե ինչ է նստվածքը կարդալուց հետո, որպես հիշողություն:
    Խոսքս չոր է, բայց մտադրությունս բարեկամական:

    ա) ‘…հույսի վաճառականությունը, այդ խաղաղության միֆը մարդկանց վրա վաճառելը’ …
    Պահանջ և առաջարկ է` Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին (մվք) պահանջ ունի գնելու որոշակի քանակությամբ քաղաքական ապրանք ու որոշակի գնով: Այս իշխանությունը հարաբերվում է քաղաքացիների հետ պայմանագրով` առաջարկում է նշաձողերի իջեցում ապա ինքնադավաճանություն ու ապրանքը քաղաքական ‘շուկա’ հանում: Թե ինչ է տեղի ունենում երկրի հետ, մանավանդ հայրենիքի, չի հետաքրքրում առ-և-տուրի մասնակիցներին:

    Մնացած հայաստանցիներին (ինձ ու ձեզ) այդ զանգվածի շիվարած մասը արդարանում է այսպես. ’Ախր մարդիկ ուզում են հավատալ’, ‘ ես հույ ունեի…’ և նման միստիկ բաներով:
    Մարդ մնացել է մարդ, թե տականքի է վերածվել պետք է պարզ հարցնել և ոչ թե լռելով նպաստել իրենց խոսույթին:

    բ) ‘Իրական գետնի վրա դա կարող է ունենա հերթական սարսափելի հետևանքները’: Քննարկենք գործածված բառերը.

    —քանի որ ասում եք ‘կարող է’, ապա շարունակել կարդալ անիմաստ է;
    —քանի որ ‘հերթական է’, ապա կա հարց արդյո՞ք վերլուծություն արել եք նախորդի դեպքերի ներքին տրամաբանության շուրջ, վերհանվել պատասխանատուներն, մեղավորներին, կիրառել է օրենքով հասանելի պատիժը ու հրապարակվել են տվյալները: Այլ դեպքում ինչ կարևոր է հերթական, թե թարմ, հենց նոր տեղի ունեցած լինելը: Ժուտ հռետորաբանություն է;
    —‘սարսափելին’ տեղափոխում է գրածը վախեցնելու դաշտ, իսկ այնտեղ նիկոլը անհաղթելի է: Խուսափենք նման որակավորումներից` ինչքան ռացիոնալ լինի ասածը, այնքան կլինի հիշվող ու ազդեցիկ` նույնիսկ մվք-ին հակված է ականջ դնելու կուռ տրամաբանությունով բանբերին
    —`հետևանքները’ … բառը ինքստինքյան արժեքազրկված է: Հարկավոր է թվարկել հետևանքները ըստ կարևորության: Եվ, օրինակի համար նրանցից մեկը դիտարկել մանրամասն` ենթադրենք հետևանքային դեմոգրաֆիկ զարգացումները, նշելով երբ թվերը կանցնեն անշրջելիության կետը, ինչ ծախսեր են լինելու, պետության պարտքի (թոռների ուսերին դրվող) աճը/նվազումը և նման հաշվարկումներ: Այսինք վտանգ/հետևանք բառը օգտագործելը ռիսկեր հաշվելու ունակության նշան պիտի հանդիսանա: Թե չէ նմանվում ենք նիկոլին, ով հորինում է բոբոներ ու չունի ոչ մի կրթություն այդ վախերը ապացուցելու կամ ժխտելու` օգտվում է մվք-ու ցածր կրթական մակարդակից և պահանջների ‘զամբյուղից’: Ու որպեսզի այս մեխանիզմը անխոչընդոտ աշխատի իջեցնում է նշաձողերը:

    Կներեք եթե սովորեցնողի տոն ունեմ: Փորձում եմ օգնել, որ լինեք շա..ատ ավելի էֆֆեկտիվ ու ուժեղ քան նիկոլականները:

    Հարգանքներս.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930