«Ձմեռվա ամիսները մոտ են, եւ օդի որակը գնալով նվազում է: Ուզում եմ խոսենք դրա պատճառների մասին, որովհետեւ անընդհատ տարբեր խոսակցություններ եւ քննարկումներ են լինում, մասնավորապես շինարարական փոշու մասին են խոսում, բայց մենք արդեն որերորդ տարին տեսել ենք, որ խնդիրը սրվում է հենց ձմեռվա ամիսներին: Նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով: Մասնավորապես Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ ինտենսիվ պայքարում ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ բակում այրելով տերեւների կույտը՝ մարդիկ առաջին հերթին թունավորում են իրենց եւ շրջակա միջավայրը:
«Շինարարական փոշին 3-5 անգամ ավելի նվազ վնասակար է, քան այրվող տերեւներից արձակվող ծուխը: Այս սեզոնին որոշ տներ տաքացվում են վառելափայտով եւ տարբեր տեսակի նյութերով, դրան գումարվում են նաեւ փոքրիկ «վերամշակման գործարանները», երբ մարդիկ տերեւների կույտ են այրում ու էականորեն մեր օդի որակը վատթարացնում են: Ձմեռվա ամիսներին օդի շարժն շատ ավելի դանդաղ է»,-ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ Երեւանի ՏԻՄ օրենքում պետք է որոշակի կարգավորումներ մտցնել, ապա ընդգծեց. « Մի քանի պարկ տերեւը բակում այրելը եւ աղբամանին չհասցնելը նորմալ չէ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































