Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն, դուք ասում եք, որ պլան են դրել դատարանի վրա»․ Ռոբերտ Քոչարյանը դատավոր Սարգիս Պողոսյանին

Նոյեմբեր 24,2025 13:38

«Դուք հղում արեցիք արհեստական բանականությանը, ես էլ հղում անեմ։ Ես էլ եմ դիմել արհեստական բանականությանը՝ հետեւյալ հարցադրումով՝ հնարավո՞ր է, արդյոք, առանց քրեական հոդվածի, մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ։ Երկրագնդի 200 երկրներից արդյոք կա որեւէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է։ Շատ երկար աշխատելուց հետո, ինձ ասել են՝ սա աբսուրդ է, անհնար է, չկա աշխարհում մի երկիր, որ նման բան հնարավոր է, արհեստական բանականությունը չի գտել։ Վերջին հարյուր տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերվել։ Հիմա եթե ողջամտությամբ առաջնորդվենք, այս դատական նիստը չպիտի լիներ։ Չես գալիս՝ ասում են՝ խուսափում է։ Բայց ես գալիս եմ ավելի շատ բարի կամք դրսեւորելով, բայց ներքին համոզմունքս՝ ինչ անում ենք, աբսուրդ է։ Ես այստեղ գալիս եմ, որովհետեւ կա դատախազություն, դատախազ, որ գալիս է, դատավոր․․․»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հումոր անելով, որ արհեստական բանականությունը թույլ է տալիս դատական դեպարտամենտը լուծարել։

Այսօրվա նիստում մեղադրողը կողմերին եւ դատարանին ներկայացրեց ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի որոշումների համատեքստում մեղադրանքների քրեաիրավական գնահատականը փոխելու որոշումները։ Քննարկվում էր նիստը հետաձգելու հարցը, որպեսզի պաշտպանները կարողանան ծանոթանալ եւ դիրքորոշում ձեւավորել նոր մեղադրանքի վերաբերյալ։ Դատարանը մեկ շաբաթ տրամադրեց, պաշտպանները երկու շաբաթ էին խնդրում։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանները շրջաբերական են ստացել՝ գործերի քննության ողջամիտ ժամկետում իրականացնելու մասին, որը եկող տարվանից հավանաբար օրենքի ուժ կստանա եւ այս գործի քննության մասով վերլուծություն ներկայացրեց․ 2024 սեպտեմբերին է այս դատավորի մոտ սկսվել գործի քննությունը։ Ըստ դատավորի, այդ ընթացքում կայացած 19 դատական նիստերից, արդյունավետ դատալսումներ իրականացվել է 13 նիստով։ Ութ նախապես պայմանավորված նիստ հետաձգվել է պաշտպանական կողմի խնդրանքով, երկու նիստ՝ մեղադրողի։ Գործով անցնող Արմեն Գեւորգյանը 17 անգամ գործուղման է մեկնել՝ 130 օր բացակայել է Հայաստանից եւ այդ ընթացքում դատական նիստեր են հետաձգվել։ 2025-ի հուլիս-օգոստոս ամիսներին դատական նիստեր չեն նշանակվել՝ պաշտպանների արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ։ Նա հայտարարեց՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում պետք է ավարտվի եւ հունվար ամսից ավելի ինտենսիվ են նշանակվելու՝ առնվազն շաբաթը մեկ անգամ։ Դատավորը մանրամասնեց՝ եթե բոլոր դատական նիստերը տեղի ունենան՝ 2,5 տարի է պահանջվելու գործն ավարտելու համար, քանի որ գործով 876 վկա, 112 տուժող կա․ արհեստական բանականությունն է հուշել իրեն։Անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաեւ շաբաթը երկու, երեք անգամ նիստեր անցկացնելու հարցը։

«Փաստորեն, դուք ասում եք, որ պլան են դրել դատարանի վրա»,- դատարանին դիմեց Ռոբերտ Քոչարյանը։ Իր եւ դատավորի միջեւ հետաքրքիր երկխոսություն շարունակվեց․

-Պարոն Քոչարյան, որեւէ մեկը չի կարող դատարանի վրա «պլան դնել», դատարանը շարժվում է օրենքով։ Վաղը եթե օրենքով սահմանվեց, որ մեկ տարվա ժամկետում պետք է ավարտվի․․․ ։ Առաջին անգամն եմ տեսնում նման գործ՝ 876 վկա, 112 տուժող, յոթ տարի ընթացող․․․

-Դուք ասում եք՝ շրջաբերական եք ստացել։ Առաջին անգամն եմ լսում, որ դատարանը շրջաբերականով առաջնորդվի, դատարանը օրենքով պետք է առաջնորդվի։

-Այդ շրջաբերականը կարող է օրենք դառնալ, պարոն Քոչարյան։

-Կարող է, թե չի կարող․․․ ռուսներն ասում են՝ ․․․ դուք հայտարարում եք՝ շրջաբերականով եմ առաջնորդվում․․․

-Նման բան չեմ հայտարարել, ասել եմ՝ կա շրջաբերական օրենքի փոփոխության։ Լավ, այդ նախագիծը դնենք մի կողմ՝ ո՞րն է գործի քննության ողջամիտ ժամկետը։

-Դրա համար ստեղծվում է տպավորություն․․․600 կամ 800 անկապ, անհասկանալի վկաները գործի մեջ մտցնելը՝ մտածել է հետեւյալը, որ ինչքան հնարավոր է շատ էսպես պետք է լցնի․․․ որ ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում, սահմանադրական կարգի տապալումը կարողանա տանի կալանքի, որովհետեւ դրա վաղեմությունն անցած է եւ կարողանա կալանքի տանել, մի տասը տարի ինձ պահի կալանքի տակ։ Նպատակը սա է, սա ակնհայտ բան է։

-Դատարանի ցանկացած խոսք միանգամից այլ տեսանկյունից եք նայում։

-Եթե դուք իմ տեղում լինեիք՝ իմ աչքերով կնայեիք։

-Եթե նախագահող դատավորի գործողություններում կողմնակալություն նկատեք, ցանկացած պահի կարող եք բացարկ հայտնել։

-Եթե ձեզ ողջամտության հարցն է մտահոգում, էդ շրջաբերականն ինստրուկցիա չի դատարանի համար։ Ուզում եք ես էլ աշխատանքի գամ դատարա՞ն, տղաների համար հասկանալի է․․․

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ գործի քննության ողջամտությունն իր մաշկի վրա է զգացել, քանի որ երբ այն մեկ դատավորից մյուսին էր փոխանցվում 2-2,5 ամիս չէր մակագրվում։ Նաեւ դատարանում գտնվող գործի մասով խորհրդարանական լսումների կազմակերպումը նա համարում է ուղղակի ճնշում դատարանի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարեց՝ մեկ տարուց ավելի անարդյունավետ գործընթաց է եղել, քանի որ մեղադրողը դատարան է ներկայացրել օրենքին չհամապատասխանող մեղադրանք․ մեկ տարի դա են փորձել պարզել, երբ առաջին օրն էլ դա պարզ էր։ Ըստ նրա, դատական նիստերի քանակով չենք կարող որոշել գործի քննության արդյունավետությունը։ Իր գնահատմամբ, այս գործը կարող էր ավելի վաղ ավարտվել, եթե դատարանը ռացիոնալ գործեր, ոչ թե պաշտպանների արձակուրդը նիստերի ձգձգման պատճառ համարեր։ Նա հավանական է համարում, որ գործը դատաքննության չի հասնելու։

Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Արամ Վարդեւանյանը հայտարարեց՝ քաղաքական դերակատարները նիստերի դահլիճից դուրս նիստերի նշանակման փութաջանության հարց է քննարկվել ու դա է պատճառը, որ դատավորն այսպիսի կեցվածք է դրսեւորում։

Դատավորը հորդորեց չկենտրոնանալ միայն այս գործի վրա, քանի որ իր նախագահությամբ բոլոր գործերով է ինքը նման վերլուծություններ անում։

ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ դատարանը արձակուրդ չի՞ գնացել։ Դատավորը հորդորեց՝ նախագահող դատավորի խոսքերը չմեկնաբանել, այլ սեփական դիրքորոշումը ներկայացնել։ Բայց ավելի ուշ հստակեցրեց՝ իր արձակուրդ գնալու պատճառով այս գործով նիստ չի հետաձգվել։ «Ինչի անքննելի՞ է դատավորը»,-տարակուսեց պաշտպանը։ Նա հայտարարեց, որ դատարանն «օրենքի վրայից անցնում է» իր պաշտպանյալի մասով փակ նիստից տեղեկություններ հրապարակելով։ Լուսինե Սահակյանի եւ դատավորի միջեւ լեզվակռիվ սկսվեց։ Լուսինե Սահակյանը ստացավ չորրորդ նկատողությունը, բայց վարույթից չհեռացվեց։

Գործով մյուս մեղադրյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի մոտ էլ տպավորություն ստեղծվեց, որ դատական դահլիճից դուրս հաշվետվություն ներկայացնելու խնդիր է լուծում դատավորը եւ հետաքրքրվեց՝ օրինակ, իր կարծիքով այս դատական նիստն արդյունավե՞տ էր․ «Այս գործի ողջամտության քննությունը յոթ տարի է՝ խախտված է եւ ինչ հաճախականությամբ էլ նիստեր նշանակեք՝ չեք կարողանալու։ Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խախտվել է 2018-ին, 2019-ին եւ այլեւս ով էլ ինչպես էլ քննի, այդ իրավունքը չի վերականգնվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, ՍԴ-ի որոշման հիման վրա  ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930