«Կոնֆլիկտաբանության մեջ մտել են տարբեր եզրույթներ՝ թրաք երկու, թրաք մեկուկես․ սա ակնհայտորեն թրաք մեկուկես է»,- «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար Հայաստանից Բաքու մեկնած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Մանրամասնեց․ «Այսինքն՝ ոչ թե քաղհասարակության, փորձագիտական հանրության ներկայացուցիչների մաքուր նախաձեռնությունն է, որը որևէ կերպ չի համադրվում պետական քաղաքականության հետ կամ պաշտոնական գործընթացների հետ, սա համադրվում է պաշտոնական գործընթացների հետ։ Մեկուկես է այն առումով, որ բնականաբար այստեղ կա օրակարգ, որը կիսվում է պաշտոնական կառույցների կողմից Բաքվում և Երևանում։ Դա չի նշանակում, որ մենք՝ այս հնգյակս ու այլ գործընկերները այլ գործունեությամբ, որը չի ենթադրում մեր քայլերի համադրումը պաշտոնական կառույցների հետ, չենք զբաղվելու, շարունակելու ենք։ Միգուցե այս փուլում առավել կարևոր ենք համարում հենց թրաք մեկուկեսը»։
Բորիս Նավասարդյանը հայտնեց, որ նոյեմբերի վերջին Երևանի և Բաքվի մամուլի ակումբները մի քանի փաստաթղթեր են նախապատրաստելու, որոնք առաջարկություններ են մամուլի համար, թե ինչպես կարելի է աշխատել լրատվամիջոցներում, որպեսզի որևէ բան չթաքցնելով՝ միևնույն ժամանակ չգրգռեն մեր հասարակություններին։ Չբացառեց, որ մոտակա ամիսներին կարող է հայ, ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ համաժողով լինի։
Բորիս Նավասարդյանն ասաց, որ իրենց ադրբեջանցի գործընկերները պատրաստ են գալ ու հանդիպել ՀՀ լրատվամիջոցների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ․ «Փոխադարձ այս այցելությունները կարևոր բեկում են․ միգուցե դա հնարավորություն կստեղծի, որ նաև պաշտոնական մակարդակում լինեն հանդիպումներ նաև Երևանում և Բաքվում։ Ես ակնհայտորեն Հաջիևի ասածներից զգացի, որ ինքն էլ է պատրաստ հանդիպել հայկական ԶԼՄ-ների և հայ հասարակության ներկայացուցիչներին»։
Կարդացեք նաև
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանն էլ վստահեցրեց՝ իրենք ոչ մեկի հետ ոչ մի բան չեն համաձայնեցնում․ «Ազատ ենք մեր հասարակություններին մտահոգող հարցերը, խնդիրները բարձրաձայնելու ժամանակ, և որևէ սահմանափակում այս առումով չկա։ Միևնույն ժամանակ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը, բնականաբար, խորհրդակցություններ սեփական մայրաքաղաքների հետ իրականացնում է, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում կամ մեր խոսքը որևէ կերպ պետք է ընկալվի՝ որպես պաշտոնական դիրքորոշում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































