Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն. «Ժողովրդավարական ինստիտուտները ԵԱՀԿ տարածաշրջանում էլ ավելի մեծացող մարտահրավերների են բախվում, վստահությունն է նվազում»

Նոյեմբեր 24,2025 23:25

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Զարգացնելով խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները. ԵՄ Արեւելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները դիտակետում» թեմայով համաժողովը:

Համաժողովի նպատակը ԵԱՀԿ տարածաշրջանում խորհրդարանական բարեվարքության լավագույն փորձի փոխանակումն է՝ աջակցելու Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներին վարքագծի կանոնագրքեր մշակելու ու արդյունավետ խորհրդարանական բարեվարքության մեխանիզմներ ներդնելու գործում:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Երբ խորհրդարանները թափանցիկ են իրենց գործողություններում, ժողովրդավարությունն ավելի է ամրապնդվում, եւ, հետեւաբար, ավելի է ամրապնդվում քաղաքացիների վստահությունը: Մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մեր առջեւ ծառացած մարտահրավերներն աճում են: Կան մարտահրավերներ եւ խնդիրներ առ կոռուպցիա, արտաքին ազդեցություն, բայց այսօր կան ավելի նոր զարգացումներ: Մենք տեսնում ենք տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք լոբբինգն ավելի հեշտացնում եւ անտեսանելի են դարձնում:

Ավելի միջամտություններ ենք տեսնում, որոնք կենտրոնանում են խոցելիության վրա եւ ի փորձ են դնում մեր իրական, քաղաքական համակարգի, ժողովրդավարական քաղաքական համակարգերի դիմակայունությունը: Եվ այս զարգացումները հստակեցնում են, որ բարեվարքությունը տրված չէ. բարեվարքությունը պետք է մշտապես, շարունակաբար պաշտպանվի, ամրապնդվի առ արդյունավետ ստանդարտներ, առ ինստիտուցիոնալ եւ  մշակութային, եւ քաղաքական, եւ սահմանադրական մշակույթ: Այսօր ես հպարտ եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն էական զարգացումների է հասնում այս ուղղությամբ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը: «Ներդրվել են բարեվարքության ստուգման մեխանիզմներ, ունենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Մենք ձգտում ենք կառուցել եւ կերտել այնպիսի համակարգեր, որոնք չեն կարող խախտվել անհատական կամ անձնական շահերով»,- նշել է նա:

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մարիա Թելալյանը:

«Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի Ազգային ժողովին մեծահոգաբար ընդունելու համար այս համաժողովը Երեւանում: Այս միջոցառումն ընդգծում է մեր համատեղ հանձնառությունն առ բազմակողմ համագործակցություն, որպեսզի մենք կարողանանք միմյանց հետ ձեռք ձեռքի աշխատել եւ առաջ մղել հանրային բարեվարքության բարձր չափորոշիչները: ԵԱՀԿ մասնակից պետությունները վաղուց ճանաչել են, որ ժողովրդավարական կառավարումը՝ հիմնված օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վրա, շատ կարեւոր է երկարաժամկետ անվտանգության եւ կայունության համար: Եվ, հետեւաբար, խորհրդարաններն ունեն կենսական դերակատարում այս առումով»,- ասել է Մարիա Թելալյանը:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը ցավով արձանագրել է, որ ժողովրդավարական ինստիտուտները ԵԱՀԿ տարածաշրջանում էլ ավելի մեծացող մարտահրավերների են բախվում, նաեւ վստահությունն է նվազում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ողջույնի խոսքում անդրադարձել է խորհրդարանների բաց, թափանցիկ ու հաշվետվողական աշխատանքի կարեւորությանը, ինչը ժողովրդավարության լավագույն ցուցիչն է: Նրա գնահատմամբ էթիկայի ու թափանցիկության կանոնները, վարքագծային չափորոշիչներն են պաշտպանում ժողովրդավարական ինստիտուտներն անհարկի ազդեցություններից եւ ամրապնդում հանրային վստահությունը: Վասիլիս Մարագոսը խոսել է Եվրոպական խորհրդարանի ընդունած վարքագծի կանոնների կարեւորության մասին:

Այնուհետեւ պանելային քննարկման շրջանակում խորհրդարանականներն անդրադարձել են կառավարման ոլորտում եւ ժողովրդավարական գործընթացներում հանրային բարեվարքության թեմային:

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ, Պորտուգալիայի խորհրդարանի անդամ Լուիս Գրասան փաստել է՝ խորհրդարանն անկյունաքար է ժողովրդավարական կառավարման համար, խորհրդարանի դերն առանձնահատուկ է քաղաքականության, հասարակության մեջ: Ընդգծվել է քաղհասարակության, մեդիայի, ակադեմիական շրջանակների հետ երկխոսությունը, միջազգային խորհրդարանական հարթակում համատեղ աշխատանքը: Նշվել է, որ հստակ է կապը ներառականության, բարեվարքության եւ հանրային վստահության միջեւ: Այս երեք հիմնասյուները, ըստ նրա, կարեւոր են ժողովրդավարության համար:

«Անկեղծությունը քաղաքականության մեջ եւ խորհրդարանների դերը՝ յուրահատո՞ւկ են արդյոք քաղաքական գործիչները» խորագրով քննարկմանն Օքսֆորդի համալսարանի դոկտոր Մարչին Վալեցկին  անդրադարձել է նշել է, որ աշխարհում ժողովրդավարությունը ճնշումների է ենթարկվում: «Տարբեր երկրներում կոռուպցիան համարվում է ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերը: Ապատեղեկատվությունը նույնպես շատ մեծ սպառնալիք է: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը մուտք է գործում որոշիչ փուլ, ավտորիտար գործիչների կողմից ազդեցության է ենթարկվում, եւ նվազում է վստահությունը, աճում է բեւեռացումը: Այսպիսի միջավայրերում խորհրդարաններն առաջնագծում են, պատասխանատու են պաշտպանել բարեվարքության չափորոշիչները»,- ընդգծել է նա:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ էլ ամենաշատ քննադատվող մարմինը խորհրդարանն է: Այս համատեքստում նա խորհրդարանական թափանցիկության ու հրապարակային գործունեության եւ հետսովետական երկրներում օրենսդիր մարմնի մասին քարացած պատկերացումների մասին է խոսել:

«Խորհրդարանը, ըստ էության, հասարակության հայելին է, եւ մենք չենք կարող ժողովրդավարական պետություն կառուցել առանց խորհրդարանի»,- ընդգծել է հայ պատգամավորն ու հավելել. «Եթե դուք գոհ չեք ձեր խորհրդարանից, ուրեմն դուք գոհ չեք ձեր հասարակությունից: Սա ժողովրդավարական երկրներին է վերաբերում»: Նա կարեւորել է քաղհասարակության ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման, վարքագծի կանոնների սահմանման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Համաժողովի երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր խորհրդարանականների վարքագծին:  «Խորհրդարանականների վարքագծի կանոնակարգը՝ որպես խորհրդարանական ներգրավվածության խթանման գործիքե թեմայով քննարկմանը ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը,  չափորոշիչների հարցերով խորհրդարանական հանձնակատար Դանիել Գրինբերգը, Լիսաբոնի համալսարանից Լուիս Մասեդո Պինտո դե Սոուսան,  Շվեդիայի խորհրդարանից Ուլրիկ Նիլսոնը եւ այլք:

Ելույթ ունենալով՝ Արուսյակ Ջուլհակյանը, մասնավորապես, հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարքագծի կանոններ է մշակում կուսակցության անդամների համար, որը նախատեսվում է ընդունել մոտ ապագայում: Ըստ նրա՝ դա շատ կարեւոր է կուսակցության նկատմամբ հանրության վստահության  բարձրացման տեսանկյունից:  Արուսյակ Ջուլհակյանը խնդրահարույց է համարել Հայաստանի խորհրդարանում էթիկայի մշտական գործող  հանձնաժողով չունենալու հանգամանքը, ինչը պայմանավորված է գործող օրենսդրության կարգավորումներով: Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է հիշյալ կարգավորումները, անդրադարձել այդ ուղղությամբ նախատեսված քայլերին, որոնք  ուղղված  են խնդրի կարգավորմանը:

Շվեդիայի խորհրդարանական, Սահմանադրության հարցերով հանձնաժողովի անդամ  Ուլրիկ Նիլսոնը թեմայի շրջանակում անդրադարձել է Շվեդիայի օրենսդրական կարգավորումներին:

«Խորհրդարանական ներգրավվածության համապարփակ մոտեցում. շահերի բախման կառավարում» թեմայով պանելային հաջորդ քննարկմանը ներկայացվել են վարքագծի կանոնների սահմանման առանձնահատկությունները, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ներկայացվել է այս բնագավառում մի շարք երկրների փորձը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեր երկրի փորձն ու ձեռքբերումները ներկայացնելով՝ կարծիք է հայտնել, որ մեր երկրի խորհրդարանին անհրաժեշտ է հստակ բարեվարքության կանոնագիրք, քանի որ առկա է օրենսդրություն, հայտարարագրման համակարգ, բայց հաճախ անհստակության եւ օրենքի պահանջների մեկնաբանման խնդիր է առաջանում: Սարգիս Խանդանյանի գնահատմամբ պետք է շարունակաբար բարելավել օրենսդրությունը եւ զուգահեռ իրազեկման ուղղությամբ աշխատանքներ տանել: Նա ընդգծել է նաեւ քաղաքական գործիչների ու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կրթության հարցը:

Զեկուցողները փաստել են, որ ԵԱՀԿ տարածաշրջանում անհրաժեշտ է ուժեղացնել մեխանիզմները՝ ապահովելու հանրային բարեվարքությունը եւ բարձրացնելու վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Ընդգծվել է, որ հանրային բարեվարքությունը ժողովրդավարական կառավարման հիմնաքարն է, որն ամրապնդվում է հանրային հաշվետվողականության եւ խորհրդարանների քաղաքական վստահելիության սկզբունքներով: Ժողովրդավարական գործընթացների առաջմղման տեսանկյունից անդրադարձ է եղել հակակոռուպցիոն հաստատությունների արդյունավետ գործունեությանն ու հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը: Մտքեր են փոխանակվել շահերի բախման կանխարգելման մեխանիզմների, այս գործընթացում հասարակական հատվածի մասնակցության, հայտարարագրման գործընթացի վերաբերյալ:

Համաժողովի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 25-ին:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930