Բոլաթը, նշելով, որ Թուրքիան իր լոգիստիկ կամրջի դիրքը 3 մայրցամաքների հատման կետում այլևս ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն է դիտարկում, այլև այն վերածում է աշխարհատնտեսական առավելության, ասել է․
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմարայը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը, Կարս-Ստամբուլ-Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և Զարգացման ճանապարհի նախագծերը վճռորոշ ենթակառուցվածքային քայլեր են, որոնք Թուրքիան ձեռնարկում է համաշխարհային առևտրում իր դիրքերը ամրապնդելու և առաջ մղելու համար»։
Բացի այդ, շարունակելով խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ այն իրենց երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։
«Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն»,- հավելել է նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ներկայումս դեպի Կենտրոնական Ասիա իրականացվող արտահանումների ճանապարհներին՝ Բոլաթը տեղեկացրել է, որ դրանք Սարպի սահմանային անցակետով անցնում են շուրջ 950 կմ հեռավորություն, ապա ընդգծել, որ երբ «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր: Նախարարը պնդել է նաև, որ այդպիսով Չինաստան-Եվրոպա գծի տարանցման ժամանակն իր հերթին կկրճատվի 5-7 օրով, իսկ ծախսերը՝ 15-20%-ով:
«Չնայած դժվար է զրոյացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը, բայց առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագծի։
Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդալ փոխադրումների համար: Դրանք դիտարկվում են նաև որպես ռազմավարական էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ»,- հավելել է Թուրքիայի առևտրի նախարարը։
Վերջինս շեշտել է, որ այդ նախագծերին ինտեգրվում են նավթամուղներ ու գազատարներ, ֆիբրօպտիկ ենթակառուցվածք, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և Թուրքիան գնում է ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական ու էներգետիկ կենտրոն դառնալու ճանապարհով։


















































