Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշ է՝ երբ կնշվի Մարկոս Գրիգորյանի հոբելյանը, տարին ավարտվում է, ԿԳՄՍՆ-ն դեռ պատրաստվում է

Նոյեմբեր 25,2025 18:09

Այս տարվա սկզբին ԿԳՄՍ նախարարն ու Երեւանի քաղաքապետը հուշագիր ստորագրեցին, որով որոշում կայացրին Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարան, նաեւ հայտարարեցին, որ այս տարի նշվելու է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակը: Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից եւս մեկ անգամ հետաքրքրվեց՝ տարին շուտով ավարտվում է, ի վերջո ե՞րբ են նախատեսված պետական մակարդակով Մարկոս Գրիգորյանի հոբելյանին նվիրված միջոցառումները, հատկապես որ դեկտեմբերի 5-ին նրա ծննդյան օրն է:

Նախարարությունից, առանց հստակ ժամկետներ նշելու, փոխանցել են հետեւյալը. «Հոբելյանական ծրագրերի շրջանակում առաջնահերթ է ճանաչվել Մարկոս Գրիգորյանի աշխատանքների մշտական ցուցասրահի ստեղծումը։ Ցուցասրահի նպատակն է ապահովել արվեստագետի ստեղծագործական ժառանգության և բացառիկ հավաքածուի համակողմանի ներկայացումը ինչպես լայն հանրությանը, այնպես էլ հետազոտողներին և ոլորտի մասնագետներին։ Մշակութային միջավայրի ձեւավորման տեսանկյունից ցուցասրահը հանդես կգա որպես կարևոր կրթամշակութային կենտրոն՝ ծանոթացնելու Մարկոս Գրիգորյանի գեղարվեստական սկզբունքներին, նորարարություններին և արվեստի զարգացման մեջ ունեցած ներդրմանը։ 

Ցուցասրահը նախատեսվում է ստեղծել Երևանի Հանրապետության փողոց 32 հասցեում գտնվող հուշարձան շենքում, որը նախապես ուսումնասիրվել եւ ընտրվել է՝ հաշվի առնելով նրա պատմամշակութային արժեքը, գտնվելու վայրը և ցուցասրահի ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանություն ապահովելու հնարավորությունները։ Նշված հուշարձան-շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը արդեն կազմվել են։ Առաջիկայում նախատեսվում է ստանալ աշխատանքների կազմակերպման ծավալաթերթը, որը հիմք կընդունվի վերականգնման և վերանորոգման գործընթացը մեկնարկելու համար։

«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ–ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությանը և հավաքածուին նվիրված գիտական կատալոգի պատրաստման և հրատարակման աշխատանքները։ Նախագիծը ներկայումս ընթացքի մեջ է, եւ գրքի տպագրությունը նախատեսված է 2026 թվականի փետրվարին՝ պայմանագրով սահմանված ժամկետին համապատասխան։

Հրատարակվելիք կատալոգը կարեւոր ներդրում կդառնա Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական կյանքի, գեղարվեստական սկզբունքների և արվեստի նկատմամբ ունեցած նորարար մոտեցումների համակարգված ներկայացման գործում՝ ապահովելով հավաքածուի հասանելիությունը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մասնագիտական հանրության համար»։

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամիսին եւս հետաքրքրվել էինք Մարկոս Գրիգորյանի հոբելյանական միջոցառումների ճակատագրով եւ նորից անորոշ պատասխան էինք ստացել՝ դարձյալ առանց հստակ ժամկետների: Այն ժամանակ էլ ԿԳՄՍ նախարարության պատասխանում ընդամենը նշված էր, որ նախարարի հրամանով ստեղծվել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողով, հրատարակության է պատրաստվում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված հոբելյանական պատկերագիրք, եւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ընթացքի մեջ են Մարկոս Գրիգորյանի հավաքածուի ցուցասրահի կազմակերպման աշխատանքները:

Aravot.am-ի հետ զրույցում Մարկոս Գրիգորյան հիմնադրամի ղեկավար, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Միշել Ալլահվերդյանն ասաց, որ առավոտյան գնացել է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենք, որտեղ պետք է հիմնվեր Մարկոս Գրիգորյանի թանգարանը, ու պարզել է, որ անցյալ տարվանից ոչինչ չի արվել. «Այն կողպեքը, որ տեսա դռան վրա, հենց նույն կողպեքն էր, որով անցյալ տարի դուռը փակել են: Եկա գրականության եւ արվեստի թանգարան, այն հատվածում, որտեղ նախկինում Մարկոս Գրիգորյանի գործերն էին ցուցադրվում, հիմա Վիլյամ Սարոյանի աշխատանքներն են ներկայացված: Գրեթե 10 ամիս ժամանակ են ունեցել, բայց ոչինչ չի արվել: Ստացվում է՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակն այդպես էլ չի նշվի, 2025թ ոչ մի միջոցառում էլ չի լինի»:

Նշենք, որ Մարկոս Գրիգորյանը միջազգային կարեւորություն ունեցող արվեստագետ է, Մարկոս Գրիգորյանի գործերը գտնվում են Ռոկֆելլերի անձնական հավաքածուում, իսկ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը Արշիլ Գորկու աշխատանքներից բացի՝ ցուցադրում է նաեւ Մարկոս Գրիգորյանի գործերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930