«Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլեւ` Վրաստանը»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օրեր առաջ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի թեմային, նշելով. «Մենք չափազանց մտահոգված ենք։ Մենք դա հստակ հասկացրել ենք վրացական կողմին»: Ռյուտեն հավելել է, որ Վրաստանի շուրջ իրավիճակը պետք է ավելի լայն դիտարկել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Նա կարծիք է հայտնել, թե թվում է, որ զգալիորեն ավելի լավ վիճակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում՝ ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել «նաեւ այն բանի շնորհիվ, ինչ անում է նախագահ Թրամփը»:
Մեր տարածաշրջանի առնչությամբ Արեւմուտքի կողմից վերջերս հնչող հայտարարություններում ավելի ու ավելի հաճախ ենք լսում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման թեման` TRIPP-ի ծրագրի շրջանակներում: Այն դիտարկվում է որպես տարածաշրջանային կայունության հիմք, հնարավորություն:
Թրամփի վարչակազմին շատ ժամանակ չի մնացել, նրանք էլ, ակնհայտորեն, շտապում են եւ արդեն գործընթացի մեկնարկը տրված է: Վերջերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջան այցելեց, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասն էր Թբիլիսիում, ԱՄՆ դեսպանատանից հայտնեցին, որ վերջինս ժամանել է Վրաստան` քննարկելու TRIPP-ին վերաբերող հարցերը։
Կարդացեք նաև
TRIPP-ի ծրագիրը վերջին երկու շաբաթներին լայնորեն քննարկվեց Հայաստան-Վրաստան բանակցություններում: Նոյեմբերի կեսերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Թբիլիսիում էր, որտեղ վրաց գործընկերոջ` Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպման արդյունքներով շեշտեց Հայաստանի ու Վրաստանի, ինչպես նաեւ` ամբողջության մեջ վերցրած տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի ներուժը եւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, եւ շեշտեց, որ հավատացած են, որ խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթակառուցվածքների ապաշրջափակումն, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ, եւ ինչն առավել կարեւորն է՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետություն ու հետեւաբար՝ կայունություն», նշեց Միրզոյանը։ Բոչորիշվիլին իր ելույթում ընդգծեց, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը, բարեկամությունը եւ ռազմավարական գործընկերությունը մեծ նշանակություն ունեն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցության եւ կայունության համար։
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը քննարկվել էին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ գործընկերության օրակարգի հարցերը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Միրզոյանը նկատել էր. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաեւ Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաեւ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»: Միրզոյանը հավելել էր, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձեւաչափով: Նշվում էր, որ Վրաստանի նախագահն աջակցություն էր հայտնել պաշտոնական Երեւանի տեսլականին:
Միրզոյանին ընդունել էր նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հաղորդվում էր, որ նրանք քննարկել էին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում: Այս հանդիպմանն էլ Միրզոյանը ներկայացրել էր տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռվելիք նոր հնարավորությունները: «Հատուկ ուշադրություն է դարձվել առեւտրատնտեսական համագործակցությանը եւ այն փաստին, որ Հայաստանը Վրաստանի տասը խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն է։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի կարեւոր դերը տարածաշրջանի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովման գործում»,- նշել էր Վրաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Թբիլիսին «պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում»
Միրզոյանի այցից մի քանի օր անց` անցյալ շաբաթ, պաշտոնական այցով Թբիլիսի մեկնեց նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը քննարկել էր Հայաստանի եւ Վրաստանի «ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան եւ դրա հետագա խորացման ուղղությունները»։ Հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ընդլայնմանը, տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար միջավայրի, ներդրումների թեմաներին, քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները։ Խաչատուրյանն իր գործընկերոջը տեղեկացրել էր Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին, «ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության եւ հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում»։
Հաղորդվում էր, որ կողմերը անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, տրանսպորտային ճանապարհների եւ լոգիստիկ միջանցքների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծին, քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի եւ հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։ «Անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների եւ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը», ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Խաչատուրյանն ու Կավելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփելով` հանդես էին եկել հայտարարություններով, մասնավորապես Խաչատուրյանն իր խոսքում նշել էր. «Մեր երկու պետությունների սերտ համագործակցությունը մեզ հասցրել է պատմական մի հանգրվանի, երբ մենք մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի…»։ Խաչատուրյանն այնուհետեւ հավելել էր. «Հայաստանի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության եւ փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Վստահ ենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվող երկարատեւ խաղաղությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցական ուղիների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP նախագծի միջոցով, Հարավային Կովկասը կվերածեն արդյունավետ տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի՝ նպաստելով նաեւ տարածաշրջանային ու գլոբալ փոխկապակցվածությանը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին եւս հնարավորություն կընձեռի կապ հաստատել Պարսից ծոցի հետ, իսկ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարեւոր բաղկացուցիչ»:
Վրաստանի նախագահ Կավելաշվիլին իր հերթին ընդգծել էր, որ արագ փոփոխվող տարածաշրջանում խաղաղության պահպանումն այսօր առավել մեծ կարեւորություն է ստանում. «Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Այդ պատմական որոշումը Հարավային Կովկասի կայունության առաջին հիմքն է։ Եվ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում»։
Վահագն Խաչատուրյանին ընդունել էր նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Հաղորդվում էր, որ այս հանդիպմանն էլ Խաչատուրյանն անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծել էր ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության եւ տնտեսական ինտեգրման տեսանկյունից։ «Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի եւ Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացման տնտեսական ներուժի բացահայտման եւ էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Այս համատեքստում շեշտվել է միջազգային հարթակներում եւ բազմակողմ ձեւաչափերում համատեղ աշխատանքի կարեւորությունը՝ ուղղված էներգետիկ նախագծերի արդյունավետ իրականացմանը, հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանը եւ փոխշահավետ տնտեսական կապերի ընդլայնմանը», նշում էր հայկական կողմը։
Այսպիսով, հայ-վրացական հարաբերություններում ակտիվ շփումներ, քննարկումներ են ընթանում մեր տարածաշրջանում ձեւավորված նոր մթնոլորտում: Դեռեւս ամառվանից Վրաստանից անգամ հարցադրումներ էին հնչում, թե` TRIPP-ի նախագծի գործարկումն ինչպիսի՞ բացասական ազդեցություն կարող է ունենալ Վրաստանի համար: Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը հակված է Թբիլիսիի հետ հարաբերությունները նոր գործնական մակարդակի հասցնել` Վաշինգտոնի հետ երկխոսության համատեքստում:
Ամփոփումը`վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2025


















































