Օրերս կայացած ասուլիսում պատասխանելով հնչած հարցերից մեկին՝ «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն ասել էր, որ երբ ստանձնի վարչապետի պաշտոնը՝ կստորագրի «խաղաղության պայմանագիրը», բայց միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը կստորագրի այն։
«Դեռ չստորագրված՝ Ադրբեջանի նախագահն ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից դուրս է գալիս ու միանգամից ասում է՝ Հայաստանը պիտի փոխի իր Սահմանադրությունը, այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է՝ կողմերը չեն միջամտում միմյանց ներքին գործերին»,-նշել էր Թաթոյանը եւ ընդգծել էր, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը չի փոխի:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը հետեւյալը նշեց. «Պարոն Թաթոյանը որպես հանրային գործիչ եւ մասնագետ՝ խորությամբ տիրապետում է Ադրբեջանի քաղաքականությանը, որովհետեւ ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ: Նա գիտի, որ Ադրբեջանը մտադիր չի ստորագրել նմանատիպ պայմանագիր, կամ առհասարակ իրական խաղաղություն փաստաթղթի վրա, թե փաստաթղթից դուրս՝ այս պահին մտադիր չի հաստատել Հայաստանի հետ: Դրա համար էլ պարոն Թաթոյանն ասում է՝ եթե Ալիեւը ստորագրի, իրենից հետո ես կստորագրեմ»:
Ադրբեջանագետը հավելեց, որ Ադրբեջանն անընդհատ այդ փաստաթուղթը շահարկելով՝ նորանոր պահանջներ է դնում Հայաստանի առաջ. «Երբ Հայաստանը մի բան անում է, դրանից հետո գալիս է հաջորդ պահանջը: Օրինակ, անկլավների հարցը բարձրացրին, դելիմիտացիայի, դեմարկացիայի խնդիրները, հաջորդին անցան Սահմանադրության փոփոխության պահանջին… Բերում են ադրբեջանցիների բնակության հարցի պահանջ, հետո ազգային տարբեր կառույցների, կազմակերպությունների փակման, զինված ուժերի կրճատման պահանջ:
Կարդացեք նաև
Իրենք անընդհատ իրենց պահանջների ծավալն ու բնույթը մեծացնում են, այն աստիճանի, որ երբ մենք այդ բոլոր պահանջները կատարենք, այստեղ պետություն չի մնա, որ փաստաթուղթ ստորագրվի, կամ առնվազն կլինի այն վիճակը, երբ արդեն կարեւոր չի լինի ինչ-որ թղթի ստորագրումը, օրինակ, եթե մեծ թվով ադրբեջանցիներ գան ու ապրեն Հայաստանում, դա լուրջ ժողովրդագրական խնդիր առաջացնի: Վստահաբար, պարոն Թաթոյանն այս տեսանկյունից է այդ միտքը ասել»:
Ինչ վերաբերվում է Սահմանադրության փոփոխության պահանջին, այս մասին էլ Մարիամ Մելքոնյանը նշեց. «Քանի որ Արման Թաթոյանն իրավաբան է, շատ ավելի լավ է պատկերացնում, թեեւ ոչ իրավաբան լինելով էլ պարզ է, որ եթե մի երկիր մյուսից պահանջում է Սահմանադրության փոփոխություն, դա նշանակում է միջամտություն տվյալ երկրի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների եւ քարոզիչների այն թեզին, որ երբ Հայաստանում խոսում են մարդկանց Արցախ վերադառնալուց, Բաքվում էլ ակտիվացնում են այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթը: «Ես իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում զբաղվում եմ ադրբեջանական մեդիայի վերլուծությամբ: Իրենք երբեք զուգահեռ չեն տարել այդ 2 թեմաների միջեւ, եւ երբեք վերադարձի իրավունքի տերմինը չեն կիրառել արցախահայերի նկատմամբ: Իրենք «Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգը շրջանառության մեջ են դրել 2022թ-ից, երբ Արցախը դեռեւս լիովին հայաթափված չէր, եւ զարգացրել են թեման ամենօրյա ռեժիմով, բայց լրիվ այլ ուղղությամբ: Այնպես չի, որ մենք արցախցիների վերադարձի հարց ենք բարձրացնում, իրենք անմիջապես ասում են, որ արցախցիները գան, այսքան էլ ադրբեջանցիներ պիտի վերադառնան:
Ի դեպ, արցախցիների վերադարձի վերաբերյալ վերջերս ադրբեջանական մամուլում նման հրապարակումների եմ հանդիպել, որ եթե արցախահայերը ուզում են վերադառնալ, պետք է հաշվի առնեն, որ իրենց մեծ մասը ներգրաված է Ադրբեջան պետության դեմ հանցագործությունների մեջ, եւ իրենց դեմ կհարուցվեն քրեական գործեր: Այսինքն, սա լրիվ ուրիշ բան է իրենց տեսանկյունից, իսկ «Արեւմտյան Ադրբեջանը»՝ մեկ այլ բան: Այդ երկու հարցերը համեմատելի չեն»,-ասաց Մարիամ Մելքոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































