Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս բնորոշումը տվեց՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված մի քանի քաղաքացիների ֆեյսբուքյան սուր բառապաշարով մեկնաբանությունների առթիվ քրեական վարույթների հնարավոր նախաձեռնմանը։
«Հանրայնորեն հայտարարվում է, որ գրառումների համար մարդիկ այսուհետ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Այս գործերը երկար ժամանակ կախված կմնան օդում։ Որ պահին, որ անհրաժեշտություն առաջացավ ճնշումն ավելացնել, քրեական գործերին ընթացք կտան, առանձին մարդկանց գուցե կալանավորեն», – ասաց իրավապաշտպանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ չորս քաղաքացիների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելը «մեսիջ է, որ բոլորը բոլորին հետեւում են։ Ստեղծում են մոլուցք, որ բոլորիս գրառումներին հետեւում են, որ բոլորը կոնտրոլի տակ են, որ Նիկոլ Փաշինյանը հզոր իշխանություն ունի, եւ բոլորս պետք է զգուշավոր լինենք»։
Չորս քաղաքացիների գրառումների համար նրանց թիրախավորման առթիվ Կարապետյանցը երկու հիմնական դիտարկում է անում։
Կարդացեք նաև
«Չկա համարժեք պատասխան»
Առաջին հերթին՝ Կարապետյանցը մատնացույց է անում իրավապահ մարմինների անհավասար մոտեցումը։
«Գլխավոր դատախազությունը կամ քննչական մարմինները սկզբունքորեն չեն ուզում տեսնել պետական պաշտոնյաների, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների, կողմնակիցների գործողությունները, գրառումները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի խոսույթն ու գրառումները», – ասաց Կարապետյանցը՝ համեմատության կարգով հիշեցնելով վարչապետ Փաշինյանի՝ Ազգային Ժողովի ամբիոնից մայիսի 8-ի ելույթի մասին, երբ նա մատն ուղղելով ընդդիմադիրներին՝ խոսել էր նրանց՝ «ԱԱԾ պադվալը լցնելու» մասին։ Ասում է՝ «իրավապահներից ոչ ոք դա սպառնալիք չի ընկալում»։
Նա հիշեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «լեզու կտրելու»՝ ընդդիմադիր հայացքներով Էդգար Ղազարյանին ուղղված արտահայտությունն, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ թքելը քաղաքացու վրա։
«Այդ ամենին չկա համարժեք պատասխան, բայց իրենց մասին արված գրառումների վերաբերյալ ընթացք են տալիս, սա, անշուշտ խոսում է նրա մասին, որ մեր երկրում մենք ունենք ընտրովի արդարադատություն։ Սա արդարության, արդարադատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, առաջընթացի հետ աղերս չունեցող պրոցես է», – զրուցակցիս եզրահանգումն է։
«Չի կարելի միայն հետեւանքը տեսնել»
Հաջորդիվ, Կարապետյանցն ասում է, որ ազնիվ, անկախ եւ արհեստավարժ արդարադատական համակարգը չէր նայի առանձնացված գրառումներին։
«Այդ մարդկանց գործողությունները ոչ թե առաջնային են, այլ հետեւանք՝ արձագանք այն ամեն ինչին, ինչի միջով ամեն օր ստիպված է անցնել Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին», – ասաց իրավապաշտպանը, նշեց՝ քաղաքացիների կրոնական զգացմունքներն «ամենօրյա ռեժիմով նվաստացվում են»։
«Մարդը գուցե ինչ-որ պահի չկարողանա իրեն զսպել, բայց չտեսնել առաջին մասը՝ պատճառը, եւ տեսնել միայն հետեւանքը, կա՛մ անձեռնահասության եւ տգիտության նշան է, կա՛մ քաղաքական նպատակահարմարության եւ պատվերի նշան», – մեկնաբանում է իրավապաշտպանը, հավելում՝ կարեւոր չէ, թե որ տարբերակն է, որովհետեւ «խախտվում է օրենքը, խախտվում է իրավունքը»։
Կա ավելի լայն պատկեր
Այնուհետեւ, զրուցակիցս թեման տարավ դեպի գալիք տարվա համապետական ընտրությանը։ Նրա գնահատմամբ՝ չորս քաղաքացիների հայտնվելը իրավապահ համակարգի թիրախում միտված է «վախի սերմանմանը, նվաստացմանը»։ Դա, իր հերթին, կարծում է Կարապետյանցը, հանգեցնում է նիհիլիզմի, այն է՝ ամեն բանի բացարձակ ժխտման՝ մերժման, ժխտողականության։
Ճշտող հարցին՝ պե՞տք է ավելի լայն պատկերի վրա դիտարկել մեկնաբանությունների առթիվ քրեական վարույթների հնարավոր նախաձեռնումը, Կարապետյանցի պատասխանն էր՝ «Միանշանակ»։
«Այնպես անել, որպեսզի մարդիկ չուզենան այս պետության հետ, պետության ապագայի հետ կապել իրենց ապագան։ Սա արվում է գիտակցված, դիտավորյալ եւ հետեւողական կերպով․․․Այս վարքագիծը չի կարող մարդկանց մոտ վստահություն ներշնչել սեփական պետության հանդեպ։ Պետականություն ունենալու գաղափարը կարող է կասկածի տակ դրվել»։
Հիշեցնենք․ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն այսօր Aravot.am-ին փոխանցել էր, որ Սիմոնյանը չի դիմել իրավապահներին՝ իր հասցեին ուղղված մեկնաբանության առթիվ։
Մովսես Հարությունյանը պարզաբանել էր․ «Մենք չենք դիմել իրավապահներին։ Մենք մամուլի հրապարակումներից ենք իմացել, որ քրեական գործ կարող է հարուցվել։ Մենք հաղորդում չենք ներկայացրել։ Մնացած մանրամասներին չենք տիրապետում։ Տեղյակ ենք այնքան, որքան առկա է ձեր հրապարակման մեջ»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































