Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը տոնեց իր 40-ամյակը

Նոյեմբեր 28,2025 17:47

Նոյեմբերի 26-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը մեծ շուքով տոնեց իր պատմության 40-ամյակը:

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է մի քանի ճեմարաններ. ճեմարան սկսեցին անվանել այն կրթօջախները, որոնք, իրենց հիմքում ունենալով հայեցի կրթության ավանդույթները, որակական մի նոր աստիճան էին ներկայացնում:

Այսօր Հայաստանում գործող միակ Ճեմարանը, հավատարիմ մնալով իր արժեքներին և առաքելությանը՝ կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի, շարունակում է իր անընդմեջ զարգացումը՝ ապահովելով որակյալ կրթություն հազարավոր սաների համար։ Այն տոնում է իր 40-ամյա հոբելյանը՝ ապացուցելով, որ կրթությունն ու կրթված մարդիկ մեր վաղվա լավ օրվա ամենակարևոր երաշխավորներն են։

Միջոցառմանը մասնակցելուց առաջ ճեմարանական համայնքի ներկայացուցիչները և միջազգային հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանց սիմվոլիկ այցը դարձավ օրը սկսելու խորը և արժանապատիվ նախաբան՝ արտացոլելով Ճեմարանի արժեքային հիմքերը։

«Ճեմարան ընդունվում են, բայց չեն ավարտում։ Այն կրթահամալիր լինելուց զատ՝ ընտանիք է և ունի հստակ գաղափարախոսություն՝ հայրենասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն երկրին ու ժողովրդին, լինել առաջամարտիկ և սխալ երևույթի կողքով չանցնել անտարբեր»,– ասում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը։

Ճեմարանական համայնքը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում ստեղծվել է նաև Շրջանավարտների միությունը, որը պահում է ամուր կապը շրջանավարտների և Ճեմարանի միջև՝ ապահովելով շարունակական համագործակցությունն ու միասնականության զգացումը։ Միջոցառմանը ներկա էին տարբեր տարիների շրջանավարտներ, միջազգային հյուրեր, ներկայիս և նախկին աշխատակիցներ։

«Մեզ սովորեցնում են սովորել, ոչ թե պարզապես գիտելիք կուտակել. լինել թիմի և ճեմարանական ընտանիքի անդամ, մշակել տեսլականներ, քայլ առ քայլ գնալ դրանց ուղղությամբ և այդ ճանապարհին երբեք չընկրկել որևէ դժվարության առաջ»,– նշում է Ճեմարանի շրջանավարտ Կարինե Ստեփանյանը։

Միջոցառման ընթացքում ճեմարանականները ներկայացրին իրենց ձեռքբերումներն ու 40 տարիների ահռելի աշխատանքը էքսպո ցուցադրությունների՝ 20 և ավելի տաղավարների միջոցով։ Երեկոյի տոնական մթնոլորտը լրացրեց նաև գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ճեմարանականներից կազմված բենդի գեղեցիկ կատարումները։ «Այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը» գիրքը ներկայացնում է այն գաղափարը, որի շուրջ միավորվել են տարբեր մարդիկ՝ ձևավորելով մի մեծ ու լուսավոր կրթական հաստատություն։

«Գրքի հերոսը Ճեմարանն է։ Հիմնական հարցազրույցները եղել են Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ։ Հետագայում կլինեն հատորներ, որտեղ կներկայացվեն պատմություններ կրթահամալիրի հիմնադրման ակունքներում կանգնած մյուս մարդկանցից»,– նշում է գրքի հեղինակ, Ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանը։

Ճեմարանի 40-ամյակին նվիրված միջոցառումը դարձավ ոչ միայն անցած ճանապարհի ամփոփում, այլև ապագայի նոր հեռանկարների սկիզբ։ Տասնյակ սերունդներ, հարյուրավոր պատմություններ և հազարավոր մարդկային ճակատագրեր համախմբվել են Ճեմարանի և ճեմարանական գաղափարախոսության շուրջ։ Եվ այնտեղ, որտեղ ավարտվում է ասֆալտը, սկսվում է մեծ գաղափարների ճանապարհը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930