Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, Եկեղեցուն, այլ իրենք իրենց»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների մասին

Դեկտեմբեր 01,2025 12:12

«Ես չգիտեմ՝ շանտաժ կիրառվե՞լ է այն եկեղեցականների դեմ, որոնք հայտարարություններ են արել։ Բայց ցանկացած սցենարի դեպքում, այն ինչ արել են նրանք, դա դավաճանություն է․ մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, Եկեղեցուն, այլ իրենք իրենց։ Դա ուղղակի ինքնաժխտում է»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հոգեւորականների գործողություններին, ովքեր քննադատել են Եկեղեցու գործունեությունը՝ միանալով Նիկոլ Փաշինյանին։

Վերջին շրջանում պատարագների ժամանակ կաթողիկոսի անվան զեղչումը սրբազանը նվիրապետական կարգի ժխտում է համարում։ Ասաց՝ դա առանձին կրոնական ուղղություն հիմնելու հայտ է՝ ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության օգնությանը, որը չունի լեգիտիմություն, չնայած բարձրագոչ հայտարարվում է ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը։ Իր համոզմամբ, այդ իշխանության հետ համագործակցության պատրաստ անձինք կիսում են իշխանության պետականաքանդ գործունեությունը։

Սրբազանն ասաց, որ իր դիրքորոշումները՝ հատկապես 2020 թվականից սկսած՝ պատերազմի ողբերգական ավարտից, հայտնի են։ 2018-ից սկսած խիստ վերապահումներ է ունեցել Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների վերաբերյալ, բայց դրանք հանրայնորեն չի արտահայտել՝ հաշվի առնելով ժողովրդի լայն աջակցությունը այդ շրջանի քաղաքական առաջնորդներին։ Նաեւ մտածել է, որ միգուցե ինքն է սխալվել, միգուցե սա այն է, ինչ պետք է Հայաստանին։ Ցավում է, որ ինքը չի սխալվել։

«Այն անձը, որը առաջնորդում էր քաղաքական գործընթացները Հայաստանում, վստահություն չէր ներշնչում ինձ, ինչպես շատերին։ Նա մի մարդ էր, ով իր կենսագրության ընթացքում առաջնորդվել էր շանտաժով, վիրավորական գործելաոճով, որը արտացոլված է նաեւ իր գրքում։ Դժվար է դրական սպասումներ ունենալ մի մարդուց, ով նման աշխարհայացք ունի»,- ասաց Արշակ սրբազանը՝ հավելելով․ «Ես չպետք է լինեի այն անձը, որը պետք է փորձեր չարագուշակ մարգարեի պատմուճան հագնել, լինել այն անձը, որը պետք է փորձեր ժողովրդի սպասումները չեզոքացնել»։

Արշակ սրբազանն ասել է, հիմա էլ կրկնում է՝ օր առաջ գործող իշխանությունը պետք է հեռան՝ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական եւ քաղաքական համոզմունքներով է պայմանավորված նրանց հետագա իշխանավարումը։ Վստահ է՝ դա բերելու է նորանոր աղետների։

Ինչ վերաբերվում է հարցին՝ իր հայացքներով պայմանավորված հարցաքննությունների կանչվելուն, սրբազանը պատասխանեց, որ Իր մոտեցումներով պայմանավորված՝ տարբեր հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաեւ ԱԱԾ պաշտոնյաների հետ․ «Եղել են հանդիպումներ, ծանուցագրեր չեն ուղարկվել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու․․․ բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ, թող Աստված ների իմ մեծամտության համար, ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ հնարավոր է հասնել գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից։ Որեւէ գործողություն, տեղեկատվական տեռոր չեն կարող ստիպել գործել այնպիսի մեղք, որն ավելի մեծ է, քան իմ գործած մեղքերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031