«Կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագծեր, որոնք ԱԺ-ի ընդունելուց եւ վավերացվելուց հետո ուժի մեջ կմտնեն: Մի շարք փոփոխություններ են նախատեսվում Պետական նպաստների մասին օրենքում: Թերևս, ամենաէականը երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող նպաստի կատեգորիան է, որը ներառվել է «Պետական նպաստների մասին օրենքում», – «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
«Որպես դրամական աջակցություն այն ներկայում էլ գործում է 2021թ ընդունված իրավական ակտով: 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ամեն ամիս ընտանիքներին տրամադրվում է 50 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ երեխայի 6 տարին լրանալը: Որպեսզի ամսական 50 հազար դրամը տրամադրվի, պայմանն այն է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի 3-րդ կամ հաջորդ, այսինքն, երբ 2022թ. հունվարից հետո ընտանիքում ծնվի 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխա, այդ գումարը տրվում է յուրաքանչյուր երեխայի համար: Եթե անգամ եռյակ ծնվի, ապա 50-հազարական դրամները կտրամադրվեն մինչեւ երեխաների 6 տարեկան դառնալը», – ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Անահիտ Գալստյանի խոսքով՝ երեխայի ծնողները պետք է լինեին ՀՀ քաղաքացիներ:
Նա հավելեց, որ 2025թ. ուսումնասիրություններ են իրականացվել, եւ պարզվել է, որ այս միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական առումով, ըստ այդմ էլ որոշվել է փոխել դրամական աջակցության կարգավիճակը: «Օրենքի ընդունումից հետո ՀՀ օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ՝ նախկին 3-ի փոխարեն: Առաջինը մայրության նպաստն է, որը տրվում է հղի կնոջը, թե՛ աշխատող, թե՛ չաշխատող մայրերին, մյուս 3 նպաստները տրամադրվում են երեխայի ծնվելուց հետո՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ եւ 4-րդ տեսակի նպաստը, որ կներմուծվի օրենքի ընդունմամբ, 3-րդ եւ յուրաքանչյուր երեխայի պետական նպաստն է», – ասաց Անահիտ Գալստյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կվերանայվի երեխայի ծննդյան միանվագը նպաստը եւս: Բոլորին անկախ կարգաթվից՝ կտրամադրվի 500 հազար դրամ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































