Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Սուտ 35. «Սերժ Սարգսյանին մերժել է ժողովուրդը»

Դեկտեմբեր 02,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Այս խոսույթը տարիներ շարունակ դարձավ նոր իշխանության հիմնական քարոզչական հիմնասյունը․ այն անընդհատ կրկնվեց, ներկայացվեց որպես «ժողովրդական ճշմարտություն»։ Բայց իրականությունը շատ ավելի այլ է և դուրս Փաշինյանի ներկայացրած շրջանակներից։ Եվ ամենակարևորը՝ այս պնդումը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական իրական հիմք։

2018-ի իրադարձությունները քաղաքական-տեխնոլոգիական գործընթացներ էին, ոչ թե Սերժ Սարգսյանին մերժելու ժողովրդի ցանկությունը։

2018-ի իրադարձություններում մասնակցեց Երևանի շուրջ 60–70 հազար մարդ, ոչ «ամբողջ երկիրը»։

Այդ խումբը սոցիալական ցանցերի, նախկին իշխանությունների դեմ տարիներով կուտակված դժգոհությունների, արտաքին տեղեկատվական ալիքների և Նիկոլ Փաշինյանի կազմակերպված փողոցային տեխնոլոգիաների արդյունք էր։

Ժողովրդի իրական մերժման գործընթացը մենք տեսանք հետագայում՝ երբ իշխանությունը պատերազմից հետո ստացավ պատմության մեջ ամենախոշոր մերժումը։ Եթե Սերժ Սարգսյանին «մերժել էր ժողովուրդը», ապա ինչո՞ւ նույն ժողովուրդը 2018 թվականներից մինչ օրս ամեն օր կարոտով ու հարգանքով էր հիշում նրա կառավարման տարիները:

Սերժ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքը 2018-ից հետո շրջադարձային կերպով փոխվեց, և այս փոփոխությունը հնարավոր չի ներկայացնել որպես պատահականություն։

Որքան սրվեցին անվտանգային խնդիրները, երբ կորցրինք Արցախը, որքան բարոյական ու հոգեբանական ճգնաժամ ստեղծվեց երկրում, որքան ընկավ տնտեսությունը, արտագաղթը դարձավ զանգվածային, որքան բաժանվեց ժողովուրդը, որքան քանդվեցին դաշնակցային հարաբերությունները, այնքան մեծացավ հարգանքը Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ազգային հիշողությունը շատ արագ սկսեց զատել էմոցիոնալ փողոցային լոզունգները իրականությունից։ Արդյունքում 2020-ից հետո նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում չքվեարկեցին Հանրապետականի օգտին, սկսեցին խոսել․

«Մենք սխալվեցինք, որովհետև Սերժ Սարգսյանը պետական մտածողություն ուներ»։

Սա է ժողովրդի իրական վերաբերմունքը, ոչ թե «մերժումը»։ Սերժ Սարգսյանը երբեք չփախավ, չթաքնվեց, չվախեցավ։ Եթե ժողովուրդը «մերժած» լիներ Սարգսյանին, ապա նա չէր շարունակի հայտնվել հանրային վայրերում, ապրիլի 24-ին ժողովրդի հետ չէր բարձրանա Ծիծեռնակաբերդ, չէր այցելի Եռաբլուր և առաջին իսկ հնարավորության դեպքում կլքեր Հայաստանը։

Բայց նա ամեն տարի, տարվա բոլոր հատուկ օրերին, առանց ավելորդ աղմուկի, առանց պաշտպանական հարյուրավոր ջոկատների կանգնեց ժողովրդի կողքին և կատարեց իր քաղաքացիական պարտքը։

Հասարակ մարդիկ նրան դիմավորում են հարգանքով՝ առանց վախի, առանց վանկարկման, առանց թատերական բեմադրությունների։

Իսկ «ժողովրդի սերը» վայելողները, նույնիսկ տասնյակ թիկնազորներով, միևնույն է, միշտ բախվում են ամոթանքի ու ժողովրդի իրական կարծիքին։

Եթե 2018-ին ժողովուրդը Սերժ Սարգսյանին էր «մերժել», ապա ինչո՞ւ 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին և 2024-ին միլիոնավոր հայեր՝ մտավորականներ, գիտնականներ, եկեղեցու առաջնորդներ, զոհված զինծառայողների ընտանիքներ, Սփյուռքահայ համայնքներ, արցախցիներ, զինվորականներ պահանջում էին մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սա՞ է «ժողովրդի աջակցությունը»։

Իսկ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը միշտ քայլեց ժողովրդի հետ՝ առանց արհեստական աջակցության և առանց բիրտ ուժի։

Տարիներ շարունակ պետական քարոզչամեքենան անվերջ փորձեց սևացնել երեք փաստ․ որ Սերժ Սարգսյանը պետական մտածողություն ուներ, որ նա ազգային ու անվտանգային կարմիր գծեր ուներ, որոնք այսօր քանդվել են, որ Հանրապետական կուսակցությունն ունի քաղաքական երկար կյանք և վճռականությունը չի կորցրել։ Բայց որքան շատ էին սևացնում, այնքան ավելի հստակ էր դառնում, որ Սերժ Սարգսյանը չի վարկաբեկվում, որովհետև գործում են փաստերը։

«Սերժ Սարգսյանին մերժել է ժողովուրդը» պնդումը քաղաքական սուտ էր, որը անհետացավ հենց այն պահին, երբ ժողովուրդը բարձրացրեց իր իրական ձայնը։ Ժողովուրդը կարող է ժամանակավորապես խաբվել, բայց չի կարող մշտապես ապրել ստի վրա։ Ժողովուրդը այսօր շատ ավելի հստակ գիտի, թե ով է պետական գործիչը, իսկ ով պատահական անցորդ իշխանության մեջ։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031