Ըստ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի՝ «Չտեսնված ու չլսված բան է, որ պատարագի ժամանակ չհիշատակվի Վեհափառ Հայրապետի անունը, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ մասնակցում է պատարագին, այսինքն՝ ուժի, պարտադրանքի, ստիպողականության ազդեցության ներքո այն կանոնավոր ընթացքը, որը պետք է տեղի ունենա ծեսերի, խորհուրդների ժամանակ, տեղի չի ունենում, որովհետև պարտադրանք կա։
Պետությունը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից, այդ պատճառով էլ համապատասխան հանցանքների մասին տրված հաղորդումները դատախազությունը թողնում է անպատասխան, դա էլ է հասկանալի ու տեսանելի։ Արդյունքում ունենք այսպիսի իրավիճակ։ Թող հասարակությունը տեսնի այս ամենը, գնահատի, և դա թող հիմք հանդիսանա իրենց դիրքորոշումները ձևակերպելու համար։
Հավատացյալները շատ ծանր վիճակում են հայտնվել։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ եթե գնամ Կոտայքի թեմի ցանկացած եկեղեցի և որոշեմ մասնակցել պատարագի, թեմի առաջնորդը՝ Քյարամյանը, ի՞նչ հրահանգ է տված լինելու իր քահանաներին, կատարելո՞ւ են քահանաներն այդ հրահանգը, թե՞ ոչ։ Երբ մասնակցում եմ պատարագի, ակնկալում եմ, որ պատարագը լինի ամբողջության մեջ և չզեղչվի Վեհափառ Հայրապետի անունը, և վերջում երգվի «Ամեն հա յի սրտից բխած…»,-նշում է զրուցակիցը։ Ընդգծում է՝ շատ մարդիկ, ովքեր իրական հավատացյալներ են, այս խնդրի առաջ են կանգնելու։
«Բայց հույս ունենանք, որ սա երկար չի տևելու։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ էլ Եկեղեցին այսպիսի ճգնաժամային վիճակում էր հայտնվել, խորհրդային իշխանությունները նրա դեմ նոր եկեղեցի էին հիմնել՝ «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով։ Շատ եպիսկոպոսներ, քահանաներ էին դավաճանել Եկեղեցուն, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»:
Կարդացեք նաև
Սողոմոնյանի համար ակնհայտ է, որ տեղի ունեցող պրոցեսը տարբեր շահառուներ ունի, տարբեր՝ նույնիսկ իրար զուգահեռ նպատակներ է հետապնդում։ «Այն, ինչ տեղի է ունենում, միայն ներազգային, ներեկեղեցական խնդիրներ չեն։ Խնդիրներ գուցե կան, բայց չպետք է այսպես քննարկվեին։ Սա ակնհայտորեն թուրք-ադրբեջանական օրակարգ է, որի նպատակն է թուլացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, քանդել այն, քանի որ Եկեղեցին մեզ համար բացառիկ նշանակություն ունեցող կառույց է մեր ազգային ինքնության տեսակետից, Եկեղեցին կրողն ու պահպանողն է մեր ազգային ինքնության և նաև համազգային կարևոր խնդիրների լուծման հարցում ունենում է իր ծանրակշիռ մասնակցությունը։ Մեր Եկեղեցու թուլացմամբ մեր հոգիներն են ուզում սպանել, ուզում են որպես ազգ մեզ թուլացնել։ Այս իշխանությունները, շատ լավ իմանալով այդ մասին, սպասարկում են այդ օրակարգը, որովհետև դրա դիմաց Բաքվից և Անկարայից իրենց աջակցում են իշխանությունը, աթոռը պահպանելու հարցում։
Երկրորդ հերթին՝ սա իրենից նաև քաղաքական կոնֆլիկտ է ներկայացնում, որտեղ Փաշինյանը ձգտում է կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ կառույց, որն իրենից ավելի բարձր հեղինակություն ունի, չունենա այդ բարձր հեղինակությունը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ունի եռապատիկ ավելի բարձր հեղինակություն, քան կառավարությունը։ Եվ Փաշինյանի խնդիրն է նվազեցնել, նսեմացնել Առաքելական եկեղեցու հեղինակությունը, որպեսզի կոնսոլիդացիայի, համախմբման որևէ օջախ չլինի, որովհետև համախմբումը նա ընկալում է որպես համախմբում իր դեմ։ Ընդ որում՝ ճիշտ է ընկալում, որպես այդպիսին։
Նրան այս կոնֆլիկտն անհրաժեշտ է հասարակության աչքին, նաև ի դեմս Եկեղեցու առաջնորդության, Վեհափառ Հայրապետի, նոր չար ուժեր ցույց տալ, որոնց դեմ նա կռվում է։ Միշտ ինչ-որ չար ուժեր կան՝ «նախկիններ» կան, հիմա էլ Եկեղեցու առաջնորդությունն է։ Ուզում է ցույց տալ, որ անընդհատ պայքարի մեջ է, և դրանով իր ընտրազանգվածին ակտիվ վիճակի մեջ պահել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































