Հայաստանում անտառների վիճակը վաղուց արդեն ավելին է, քան մտահոգիչ համարվելը: Պաշտոնական տվյալներով, Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են մոտ 11-12 տոկոս, սակայն անկախ հետազոտությունները, այդ թվում՝ արբանյակային պատկերների վերլուծությունը, ցույց են տալիս, որ այս ցուցանիշը հնարավոր է՝ գերագնահատված է։ Իսկ այն պայմաններում, երբ երկրի տարածքի շուրջ 80 %-ը ենթարկվում է անապատացման, անտառների վերականգնման խնդիրը հատուկ հրատապություն է ստանում։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն, այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։ Բայց լրատվամիջոցների կատարած հետաքննություններից պարզվում է, որ ստանձնած 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2 %-ն է իրականացվել, ինչը վկայում է այս հարցում կոնկրետ ձախողման մասին։ Ավելին, տարիներ առաջ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, որը ևս չի իրականացվել։
Բազմաթիվ դեպքերում անտառների վերականգնման կամ նոր անտառների հիմնման ցուցանիշները հաշվարկվում են տնկված ծառերի քանակով, այլ ոչ թե իրականում հասուն, կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորմամբ։ Այնինչ, գործընթացը միայն ծառատնկումներով չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է հոգածություն տածել այդ ծառերի նկատմամբ, ստեղծել անհրաժեշտ միջավայր և ծրագրի արդյունավետությունը դիտարկել կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորման համատեքստում։
Մեծ է նաև մարդկային գործոնների ազդեցությունը։ Անտառների պահպանման և վերականգնման ծրագրերը հաճախ բախվում են տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրներին, երբ անտառային ռեսուրսներից կախվածությունը՝ հատկապես վառելափայտի, արոտավայրերի և այլ կենսապահովման աղբյուրների տեսքով, խոչընդոտում է երկարաժամկետ նպատակների իրագործմանը։ Պետական ծրագրերը հաճախ չեն ներառում բավարար կրթական, սոցիալական կամ տնտեսական բաղադրիչներ, որպեսզի համայնքները տեսնեն իրենց շահը անտառների վերականգնման ու պահպանման մեջ։ Արդյունքում, եթե նույնիսկ իրականացվում են լայնածավալ տնկումներ, դրանց զգալի մասը չի պահպանվում՝ սանիտարական վերահսկողության բացակայության, թերի ջրման, հողի մշակման պայմանների խախտման կամ այլ խնդիրների պատճառով։ Շատ դեպքերում, տնկած ծառերը պարզապես չորանում են առաջին իսկ տարիներին՝ վերածվելով միայն հաշվետու ցուցանիշների։
Մյուս կարևոր խնդիրն է անտառային կառավարման և վերահսկողության համակարգի թերզարգացվածությունը։ Անտառային ոլորտում առկա են կառավարչական բացեր, մասնագիտական ռեսուրսների պակաս, կոռուպցիոն ռիսկեր, պետական քաղաքականության անկայունություն։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են առանց գիտական հիմնավորումների, տեղանքին և կլիմայական պայմաններին համապատասխանող տեսակների ընտրության, հողի նախապատրաստման և էկոհամակարգային մոտեցման։ Արդյունքում՝ վերականգնման ջանքերը հիմնականում ստանում են մակերեսային բնույթ և չեն հանգեցնում կայուն անտառային հատվածների ձևավորման։
Կարդացեք նաև
Բնապահպանական քաղաքականության և անտառային ոլորտի ծրագրերի մեկ այլ թույլ կողմը միջազգային համագործակցության և ներդրումների ներգրավման անբավարարությունն է։ Չնայած որոշ միջազգային կազմակերպությունների աջակցությանն ու դոնորական ծրագրերին, Հայաստանը դեռևս չի կարողացել դառնալ տարածաշրջանային օրինակ անտառների վերականգնման և անտառապատման ոլորտում։ Այնինչ, եթե մեր երկիրը կարողանա անտառապատման ոլորտում հաջողությունների հասնել, ապա կարող է գրավիչ դառնալ կանաչ ներդրումների իրականացման և փորձի փոխանակման տեսանկյունից։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































