Լրահոս
Էրդողանը կայցելի Իրան
Օրվա լրահոսը

Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները. «Փաստ»

Դեկտեմբեր 02,2025 10:43

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրված 12-ամսյա գնաճը՝ 3,7 տոկոսի չափով, առաջին հայացքից կարող է թվալ չափավոր և կառավարելի, հատկապես եթե համեմատենք այն անցած տարիների կամ տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշների հետ։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։

Հատկանշական է, որ գնաճի միայն պաշտոնական ցուցանիշները հաճախ չեն արտացոլում բնակչության առօրյա կյանքում զգացվող գնային ճնշումները։ Տնտեսական վերլուծաբաններն ու հասարակության լայն շրջանակները պարբերաբար նշում են, որ իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է վիճակագրական հաշվարկներում։ Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ դրա փոխարեն իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները։

Այսպես, արևածաղկի յուղի դեպքում արձանագրվել է 18,6 տոկոս գնաճ, սուրճի՝ 12,6 տոկոս, կարագի՝ 12,3 տոկոս, իսկ ալյուրի ու հացի գները համապատասխանաբար աճել են 6 և 3,5 տոկոսով։ Այս ապրանքախմբերը ոչ միայն լայն սպառման են, այլև կենսական նշանակություն ունեն բնակչության մեծամասնության համար, ուստի դրանց թանկացումը հաճախ ուղղակիորեն կապված է կյանքի որակի անկման հետ։

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելին է գանձվում ավելացված արժեքի հարկի և այլ ներքին հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ ռեսուրսներ։ Սակայն այս մոտեցումը կարճաժամկետ է և պարունակում է լուրջ ռիսկեր։ Հարկային մուտքերի աճը չի կարող «փակել» բնակչության գնողունակության նվազումից, աղքատության մակարդակի բարձրացումից և սոցիալական լարվածության խորացումից բխող բացասական հետևանքները։ Բացի այդ, գնաճի հետևանքով բյուջեի իրական ծախսերը նույնպես աճում են, դրա արդյունքում իշխանությունները կարող են «հպարտանալ», թե իբր պետական ծառայությունների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցիալական վճարների չափը որոշակիորեն ավելացրել են, բայց դրա ազդեցությունը ներկայիս թանկացումների պարագայում զրոյական է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031