Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը հռչակվել է 5-րդական կառույց, այս վիճակի մեղավորը զինվորը կամ սպան չեն, մեղավորն այս իշխանությունն է»․ Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 02,2025 17:20

«ՀՀ քաղաքացու եւ պետության անվտանգության մասին պատկերացումներ կազմելու համար առաջին հերթին դիտարկվում է պետական բյուջեի անվտանգությանը վերաբերվող դրույթները: 2026 թվականի ռազմական բյուջեի մասին կառավարության պատկերացումները երկու զուգահեռ իրականությունում են՝ մի կողմից ֆինանսական եւ մարդկային ռեսուրսի կրճատումների, մյուս կողմից՝ սին խոստումների ու ընտրական ակնկալիքների: Իշխանությունը երկրի անվտանգության ապահովման հիմքում դրել է երկու սկզբունք՝ սպառնալիքներն ամեն գնով չտեսնելու եւ ակնհայտը մերժելու»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ կառավարության հայեցակարգը մարդուն ի սկզբանե դատապարտվածի կարգավիճակում է դրել, որը գալիս է քաղաքացու ականջին շշնջալու, որ հայ ժողովուրդը հաղթելու շանս չունի։ Եվ այդ պարագայում առանձնապես կարեւոր էլ չէ, թե ռազմական բյուջեն որքան է կազմում կամ բանակը կրճատվում է, թե՞ ոչ:

«Բանակը, որը սեփական իշխանության կողմից հռչակվել է 5-րդական կառույց, իսկ հայրենիքի պաշտպանի առաքելությունը վերածվել է զուտ վարձու աշխատողի, այն պարզապես ապագա չունի: Մարդու ֆիզիկական ներկայությունը, զինտեխնիկայի, սպառազինության առկայությունն ու նույնիսկ բարձր աշխատավարձը միասին վերցրած անկարող են հաղթել, եթե պրոցեսում բացակայում է մարտական ոգին, բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակն ու ներհասարակական համերաշխությունը: Այսպիսի վիճակի մեղավորը օրը 24 ժամ, տարին 12 ամիս, տարվա բոլոր եղանակներին ծանր իրավիճակում մարտական հերթապահություն կրող զինվորը, սպան կամ հրամանատարը չեն, մեղավորն այն իշխանությունն է, որն իր հույսն ու երաշխիքը տեսնում է իրեն ցեղասպանողների խոստումներում: Կա՞ բանակն իրական բարեփոխումների ռելսերի վրա դնելու, բանակն իր ֆունկցիոնալ վիճակին բերելու եւ զինծառայողի անհրաժեշտ դերը հասարակության մեջ առաջին պլան բերելու հնարավորություն: Միանշանակ, կա: Հնարավո՞ր է վերականգնել բանակի, ինչպես ուզում եք անվանեք, պաշտպանողականությունը, մարտունակությունը կամ մարտական խնդիրներ կատարելու արդյունավետությունը: Միանշանակ, այո: Հնարավո՞ր է արդյոք դրան հասնել այս իշխանության հետ կամ նրա պաշտոնավարման պայմաններում: Բնականաբար, ոչ: Այս իշխանությունը մաշեցրել, թուլացրել եւ մշտական թիրախ է դարձրել բանակն ու դրանով անհնարին դարձրել այն արդիականացնելու, բարեփոխելու եւ իր լավագույն մարզավիճակին բերելու հնարավորությունը»,- հայտարարեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Աբրահամյանին պատասխանեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․ «Վարչապետն առաջարկել է, մանիպուլացնելու, ստեր գեներացնելու փոխարեն հավաքվեք իրար հետ եւ եկեք ծանոթացեք սպառազինությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում շուտով:

Ամբողջական տեսանյութը՝

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031