2022 թվականի ամռանը ԱԱԾ-ն աղմուկով բերման ենթարկեց գյումրեցի օրենքով գող Սուրոյին եւ նրա հետ փոխկապակցված մի խումբ անձանց։ Քննչական կոմիտեն այդ ժամանակ ծավալուն հաղորդագրություն տարածեց, որտեղ ներկայացված էին Սուրոյի ղեկավարած խմբավորման գործողությունները։ Այսպիսով․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը 2021 թվականին տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված՝ «գործ» է լուծել՝ գողականով, ապա ասել, որ նման հարցերը լուծելու են իրենց «օրենքներով»:
Բացի սրանից, ըստ ՔԿ-ի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» իր մարդկանց միջոցով Հայաստանի տարբեր բանտերից հավաքագրել է գումարներ, որից 5 հազար ԱՄՆ դոլարը փոխանցվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ «Այնուհետեւ, 2022 թվականի մարտի 7-ին «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամի հրահանգել է, հանցավոր աշխարհում ձեւավորված ավանդույթի համաձայն, հոր մահվան կապակցությամբ 10 հազար ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին:
Այս քրեական գործում 8 մեղադրյալ կա, որոնք հարում են քրեական ենթամշակութային խմբավորմանը։ Մեղադրյալների թվում են՝ Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն», նրա որդի Աշոտ Իգիթյանը եւ Վահան Տեր-Պողոսյանը, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»՝ Արտյոմ Ղազարյանը, որն օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապ Լեննականսկիի քրոջ որդին է, նաեւ՝ Ցոլակ Գեւորգյանը՝ «Տեքստիլի Ցոլոյ»-ը, Կարեն Վարոսյանը՝ «Աֆիշի Կարեն»-ը։
Ի սկզբանե մեղադրյալները կալանավորված են եղել, բայց ժամանակի ընթացքում ազատ են արձակվել։
Կարդացեք նաև
Դե, գողերն ու մականունավոր տղերքը հո սրբազաններ չե՞ն կամ հայտնի գործարար, որ մի խոսքի համար բանտ նետվեն ու ամիսներով պահվեն:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































