«Ի՞նչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք թոշակները։ Բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… խոսքը 65+ տարեկանների մասին է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպե՞ս արդյունավետ օգտագործի իր առողջության համար՝ գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։ Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 40, 50, գուցե 100 հազար, գուցե 500 000 դրամի ծառայություն»,-խորհրդարանում, 2026 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց՝ թոշակն ավելանում են նաեւ անկանխիկ առեւտրի պարագայում՝ 2 տոկոս։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 2018-ի համեմատ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106 697 մարդով, 19 տոկոսով։
«2018 թվականից ի վեր մենք ՀՀ-ում ստեղծել ենք 223895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում, այս աճը շարունակական է։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313 000 դրամ է, 2018 թվականի նկատմամբ աճը 135 657 դրամ կամ 76%։ Շատ խոսում ենք գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76% անոց գնաճ եւ ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են՝ 20 եւ ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































