«Փաստաթղթերի ցանկի մեջ հայտնվել էր թղթի կտոր, որը չես կարող կոչել փաստաթուղթ։ Ի՞նչ է նշանակում սեփական թերթի հրապարակմանը հղում անել եւ ասել՝ փաստաթուղթ»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հրապարակված Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին։ Ընդդիմադիր պատգամավորն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ փաստաթղթերի մի ամբողջ հատված չկար՝ նորացված մադրիդյան սկզբունքների, իրանական առաջարկի, ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի առաջարկների եւ այլն։
Արթուր Խաչատրյանը ողջամիտ չի համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կառավարությունը չունի Քի Ուեսթի բանակցային փաթեթը։ Նա կարծում է, որ եթե անգամ պաշտոնից հեռանալիս ինչ-որ մի նախարար այն պատռել եւ դեն է նետել, ինչը անտրամաբանական է, ապա 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը կարող էր այն ստանալ՝ դիմելով համանախագահող կողմերից որեւէ մեկին։ Ենթադրում է՝ կամ չեն դիմել, կամ՝ դիմել են, ստացել են եւ չեն հրապարակում․ «Ակնհայտ է, որ դա այն չէ, ինչը որ իրենք շեփորահարում են»։
Նա պնդեց՝ Մեղրին եղել է, կա եւ կմնա ՀՀ տարածքում եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնվել Ադրբեջանի՝ փոխանակման այդ առաջարկին։ Եվ որ ավելի կարեւոր է, ըստ նրա, այդ թեման չի դարձել պաշտոնական փաստաթուղթ։
«Բացահայտեց այն, որ Նիկոլ Փաշինյանն աղճատել է բանակցային ողջ գործընթացը»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ Արցախը կորցրել էր Հայաստանի կազմում լինելու տեսական եւ գործնական հնարավորությունները, բանակցային փաթեթը ցույց տվեց, որ այդպես չէ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































