Կառավարության կայքէջում նախօրեին հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր:
Այս փաստաթղթերի շարքում չկա Քի Վեսթի տարբերակը, իսկ Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ՝ «Հայկական ժամանակ»-ում 2008 թ. մի հրապարակում: Կառավարությունից չեն բացատրել, թե ինչու է նախկին ղեկավարներից միայն երրորդ նախագահի նամակը հանրայնացվել, իսկ մյուս առաջնորդների գրագրությունը՝ ոչ: Բացակայում են նաեւ հայկական կողմի պատասխանները:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Հրապարակումը պետք է սկսվեր ԵԱՀԿ-ի գործընթացներից, դա կլիներ տրամաբանական: ԵԱՀԿ-ի առաջին ընդունած փաստաթուղթը` «Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջանի Հանրապետություն», այսպիսին է եղել այն, թեպետ նշված է եղել, որ Հայաստանը դրա հետ համաձայն չէ: Ես գիտեմ, թե որքան բարդ է եղել այդտեղ անգամ մեկ ստորակետ փոխելը, այն ոչ միայն բանակցող պատվիրակությունների հետ պետք է համաձայնեցվեր, այլեւ համապատասխան մայրաքաղաքների` Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ եւ այլն: Մենք տեսնում ենք, որ հրապարակված վերջին փաստաթղթում չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, կա հստակ դիրքորոշում, որ այս լուծումը պետք է հիմնված լինի ինքնորոշման սկզբունքի վրա: Ի՞նչ է ասում այդ փաստաթուղթը: Ասում է` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, մնա քո սահմաններում, ինչպես որ եղել ես, տուր Ադրբեջանին այն, ինչ նվաճել ես որպես անվտանգության գոտի, քեզ տրվելու է միջազգային կարգավիճակ՝ մինչեւ հանրաքվե: Այսինքն` կստանաք Արցախը` Լաչինի եւ Քելբաջարի հետ: Այսինքն` մենք ունենալու էինք մի պետություն, որը լինելու էր միջազգային առումով ճանաչված, երաշխիքներով: Եթե մենք համեմատենք ոչ միայն այն, ինչ հիմա ունենք, այլեւ առհասարակ այն իրավիճակի հետ, որ կար, հաշվի առնելով այն 5 շրջանները, որոնք պետք է վերադարձվեին եւ ապառազմականացվեին, Հայաստանն իր բեռից նաեւ ազատվում էր: Դա ստանձնում էր կա՛մ Ռուսաստանը, կա՛մ այլ ուժ: Շատ կարեւոր է նաեւ, որ հրապարակվեց 2016 թվականին Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին, ինչը ցույց տվեց, որ Հայաստանում աշխատել է իսկապես լավ կոլեկտիվ: Ի պատիվ Սարգսյանի, նա կարողացել է ղեկավարել մի փայլուն մասնագիտական խմբի, որը կարողացել է 2016-ի երկիմաստ կետերի մեզ մտահոգող խնդիրները վերացնել: Խոսքը հրապարակախոսության մասին չէ, որ ով ավելի գեղեցիկ կգրի, ում գրածն ավելի մեծ տարածում կգտնի։ Ոչ: Այժմ հասկանալի չէ, թե ինչ պրոցեսներ են հետեւել 2018-ից հետո: Եթե բանակցություններով ինչ-որ բան իշխանության սրտով չէր, դրանից հրաժարվելու փոխարեն կարելի էր լավացնել այն, հստակեցնել եւ այլն: Հրաժարվել ամեն ինչից` նշանակում է պատրաստվել պատերազմի, իսկ եթե պատերազմ, ապա դրա համար պետք է մոբիլիզացիա, հարաբերությունների կարգավորում դաշնակիցների հետ, նոր դաշնակիցներ ձեռք բերել եւ այլն: Մենք նման բան չտեսանք: Թե ինչի վրա էր հույսը` չգիտենք»:


















































