Լրահոս
Օրվա լրահոսը

Team Holding-ը հայտարարում է անվանական արժետոմսերի վաճառքի մասին

Դեկտեմբեր 04,2025 19:22

Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը եւ  Freedom broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը զանգը հնչեցրին․ այն երկու խոշոր ընկերությունների համագործակցության մասին է։ Նպատակը զարգացումն է, թե’ ընկերությունների, թե’ Հայաստանի տնտեսության։

Team Holding ընկերությունը, որը ներկայացնում է տնտեսության տարբեր ուղղությունները ներառող 10 ընկերություն, մեկնարկում է անվանական արժետոմսերի վաճառք։ Իսկ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է Freedom broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը 31 500 000 ԱՄՆ դոլար եւ 1,4 միլիարդ ՀՀ դրամ է։ Գործընթացը կկազմակերպվի երկու փուլով։ Տեղաբաշխումը կիրականացվի 2025-ի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2026-ի մարտի 3-ը։ Այդ փուլում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային պարտատոմսեր հետեւյալ պայմաններով․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1, 4 միլիարդ ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար ՀՀ դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 12 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Այս տեղաբաշխումը եզակի է նրանով, որ նախատեսված է մանրածախ շուկայի համար, ու հենց դրանով են պայմանավորված սահմանված շահագրգռող տոկոսադրույքները։ Պարտատոմսերի վաճառքի գործընթացը լինելու է շարունակական։ Պարտատոմսերը ցանկացած պահի կարող են իրացվել ազատ շուկայում եւ առանց հարկման։

Team Holding-ի պարտատոմսերը երկարաժամկետ ներդրումային գործիք կլինեն, կաջակցեն ընկերության ենթակառուցվածքային զարգացմանը եւ նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։ Իսկ ընկերության ռազմավարությունը նոր տեխնոլոգիաների, տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացումն է, տնտեսական միջավայրի զարգացումը։

Պարտատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom broker Armenia հարթակի միջոցով կամ ընկերության կայքում հայտ ներկայացնելով, այնպես էլ գրասենյակ դիմելով։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ հրապարակման առաջարկի հայտարարություններին` ծանոթացեք։

Թողարկվող եւ առաջարկվող պարտատոմսերի պայմանները եւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը մանրամասնում է՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները ուղղվելու են հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը․«Team ընկերությունների խումբը ձգտում է խթանել տնտեսության զարգացումը՝ առաջարկելով այնպիսի արտադրանք եւ ծառայություններ, որոնք հասանելի եւ կիրառելի կլինեն բոլորի համար։ Վերջին հինգ տարիներին մենք ամրապնդում ենք մեր դիրքերը շուկայում՝ իրականացնելով ծրագրեր, որոնց ազդեցությունը տնտեսության աճի, ծառայությունների որակի բարելավման, տնտեսական միջավայրի զարգացման վրա էական է եղել։ Ընկերության զարգացումը ոչ միայն հաղորդակցության ոլորտում է, այլ նաեւ այլընտրանքային էներգիայի, մասնավորապես, արեւային էներգիայի կայանների կառուցման, էլեկտրոնային կոմերցիայի, կապիտալ շինարարության, լոգիստիկ ոլորտում եւ այլն։ Team Holding-ը շարունակելու է գործել երկարաժամկետ եւ կայուն բիզնեսի սկզբունքով՝ ավելացնելով ներդրումների համար հասանելի հնարավորությունները»։

Freedom broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարեւոր նախաձեռնություն է համարում, որը խթանում է թե՛ ընկերության զարգացումը, թե՛ Հայաստանի կապիտալի շուկայում կայուն ընդլայնումը։ Նա առաջնային է համարում ներդրողներին պարզ, հասկանալի եւ վստահելի ներդրումային գործիքների տրամադրումը։ Հովակ Հովակիմյանը շնորհակալ է գործընկեր կազմակերպության ղեկավարներին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համար, որոնք տեղաբաշխումը հետաքրքիր կդարձնեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային ներդրողների համար․ «Աշխարհում կապիտալի շուկան ունի իր կանոնները եւ իր չափանիշները։

Team Holding-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով, կարծում ենք, որ կկարողանանք ներգրավել ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային ներդրողներին։ Տեղաբաշխումը հնարավորություն կտա հայաստանյան կազմակերպություններին մեծացնել ներկայացվածությունը միջազգային շուկայում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031