Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի ներքո

Դեկտեմբեր 04,2025 19:11

Դատարանն այսօր մեղմացրեց Բագրատ Սրբազանի գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի սահմանափակումները։

Բացի համատեղ բնակվող անձանցից, նա կկարողանա ընդունել նաեւ իր մերձավոր ազգականներից կոնկրետ անձանց։

Կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումն օրերս էր կայացվել։ Այդ առթիվ Սարգսյանն ասաց.

«Անկեղծ ասեմ. Այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Իհարկե, ուրախացել են իմ 85 եւ 78 տարեկան ծնողներն, ուրախացել են իմ երեխաները, ուրախացել է իմ կինը, ուրախացել են այս դահլիճում նստած շատ մարդիկ, իմ ընկերները, բայց իմ կյանքում ոչինչ չի փոխվել որովհետեւ առաջին օրվանից ասել ենք՝ մենք ընդհանրապես ստեղ ի՞նչ գործ ունենք»։

Նա հավելեց, որ պայքարում է ոչ թե ազատության, այլ արդարության համար։

Պաշտպան Արամ Վարդեւանյանը շեշտեց նվազագույն անհրաժեշտի սկզբունքը։ Վարդեւանյանի խոսքով՝ կիրառված 20 մլն ՀՀ դրամի գրավը եւ տնային կալանքը բավարար են, եւ կարիք չկա արգելել շփումներն իր հետ չապրող մերձավոր ազգականների, ինչպես նաեւ Ազգային Ժողովի իր գործընկերների հետ։

Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին առաջարկեց վարչական վերահսկողությունը կիրառել որպես խափանման միջոց։ Խուդոյանի կարծիքով՝ «բացակայում է հատուկ պատճառաբանություն»՝ Սարգսյանին տնային կալանքի ներքո պահելու համար։

Հանրային մեղադրողը պնդեց, որ Սարգսյանի կողմից գործին խոչընդոտելը շարունակում է մնալ «հավանական»։ Մեղադրական կողմի դիրքորոշմամբ՝ Սարգսյանը պետք է շարունակի կրել տնային կալանքը հավելյալ երեք ամիս ժամկետով։

Մերձավոր ազգականների հետ շփումների սահմանափակումների վերացման հարցով՝ մեղադրական կողմը առարկություն չներկայացրեց, միայն պահանջեց, որ այցելությունները վերաբերեն մերձավոր ազգականների որոշակի շրջանակի, նրանց տվյալներն էլ փոխանցվեն մեղադրական կողմին։

Դատախազը չանդրադարձավ ԱԺ պատգամավորների հետ տեսակցություններին։

Վարդեւանյանը տեղում փոխանցեց արդեն իսկ առանձնացված ազգականների տվյալները դատարանին եւ մեղադրողներին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031