ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՔՊ ընդունած էթիկայի կանոնագրքին։
Իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառը բառապաշարը վերջին տարիներին քննադատվել է տարբեր գործիչների կողմից։ Օրերս «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն իր ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարին՝ նշելով․ «Մի հատ տեսնենք, թե ՔՊ-ն ինչ բառապաշար է անընդհատ օգտագործում՝ հայհոյանքների մեջ կորած են։ Ես մեկ-մեկ զուտ մոնիտորինգի համար փորձում եմ հասկանալ՝ էս մարդիկ ինչո՞վ են զբաղված ընդհանրապես, չես հասկանում՝ ինչ-որ բեսեդկա՞ ես գնացել, որտեղ ինչ-որ նյութերի ազդեցության տակ մարդիկ են եկել, խոսում, հարբեցողնե՞ր են, ի՞նչ են։ Ո՞նց կարելի է այդ աստիճան հայհոյանք տալ, ինչ խոսեն, երկրորդ բառը վիրավորանք է»։
Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին»։
«Առավոտ»-ը հարց ուղղեց ՔՊ-ական Զարուհի Բաթոյանին, թե ինչո՞ւ են որոշել էթիկայի կանոնագիրք ընդունել հենց նախընտրական շրջանում, գուցե Արման Թաթոյանի հորդորների՞ն են հետեւել, թե փորձում են ձայներ հավաքել ընտրություններում։
«Եթե էթիկայի կանոնագրքով որեւէ կուսակցություն ձայներ պետք է հավաքի, ես միայն ողջունում եմ դա, սա նշանակում է, որ դա գնահատվում է հանրության մեջ։ Սա նշանակում է, որ այն խոսույթը, որն այսօր կա՝ ատելության խոսքը,հայհոյախառը խոսքը կամ էլ հայհոյանքներին պատասխանելու մշակույթը դուր չի գալիս մեր հանրությանը։ Դա ինձ միայն կուրախացնի, բայց պատճառը, կարծում եմ, դա չէ։ Մենք բավական երիտասարդ կուսակցություն ենք եւ ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված քայլեր ենք ձեռնարկում։ Դրանք կարող են լինել եւ եղել են, օրինակ, կանանց ներգրավվածության ավելացումը, ինչ-որ քվոտաների սահմանումը եւ այլն։ Եվ սա էլ հերթական փաստաթուղթն է, որն առաջին հերթին ուղղված է մեր, մեր կուսակցության ինստիտուցիոնալ զարգացմանը»,- ասաց Բաթոյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավը միշտ սկսվում է ընտրություններից հետո, հատկապես իշխող կուսակցության համար։ Հենց ընտրություններն ավարտվում են, ձեւավորվում է կառավարություն, դրա հաջորդ օրը սկսվում է նախընտրական քարոզարշավը, եւ ինչ էլ արվում է, կամ պետք է նպաստի դրան, կամ էլ հակառակը՝ հիասթափություն բերի։ «Այսինքն՝ ցանկացած բան մենք կարող ենք դիտարկել՝ եւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, եւ պարզապես գործողություն, որն անհրաժեշտ է անել առաջին հերթին մեր կայացման համար՝ որպես կուսակցություն, երկրորդը, ինչո՞ւ ոչ, քաղաքական մշակույթ բերելու համար։ Ինչո՞ւ ենք դա նաեւ հանրայնացնում, սա մեկ նպատակ ունի, որ այս մշակույթը, որը հիմնված է ժողովրդավարական սկզբունքների վրա, նաեւ տարածվի որպես քաղաքական մշակույթ»,- հավելեց պատգամավորը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































