Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը

Դեկտեմբեր 04,2025 23:35

Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում  առաջին ընթերցմամբ քննարկվել է   «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանավազյանը:

Մերի Գալստյանի տեղեկացմամբ օրենքի նախագծով  սահմանվում են ՀՀ տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը:

Մասնավորապես, նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3  կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ  ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները:

Մերի Գալստյանի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը սկսվել է  2019 թվականից, ինչի պատճառ հանդիսացել են  նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

Նախագծերի մշակման փուլում հեղինակներն  ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մտքերի փոխանակության ընթացքում Մերի Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են շների ստերջացմանը,  քնեցմանը, կենդանիների ցանկին, թափառող շների չիպավորմանը, մարդկանց վրա թափառող շների հարձակումներին եւ այլն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:

Կառավարության դրական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ գործադիր մարմնի  ներկայացրած առաջարկները   հեղինակները մեծամասամբ  ընդունել են:

Եզրափակիչ ելույթում Մերի Գալստյանն անդրադարձել է գործընկերների հարցերին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներին:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Փաթեթի քննարկման ավարտից հետո պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

62 կողմ, 27 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031