Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագիր կնքելիս

Դեկտեմբեր 05,2025 14:00

«Իրավագիտակից քաղաքացի»

Աշխատանքային պայմանագիրը աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթն է։ Միայն բանավոր պայմանավորվածությունները հաճախ բավարար չեն աշխատողի իրավունքները պաշտպանելու համար։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրա յուրաքանչյուր կետին։

Ստորև ներկայացնում ենք որոշ հիմնական կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագիր կնքելիս.

  1. Պայմանագրի տեսակը և ժամկետը:Հայաստանյան պրակտիկայում սովորաբար պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Որոշակի ժամկետով (օրինակ՝ 6 ամսով կամ 1 տարով) պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ աշխատանքն իր բնույթով կամ պայմաններով ժամանակավոր է (օրինակ՝ սեզոնային աշխատանքներ, ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինելը և այլն)։ Ուստի, եթե Ձեր աշխատանքը մշտական է, կնքեք անորոշ ժամկետով պայմանագիր, քանի որ որոշակի ժամկետով պայմանագիրն ավելի հեշտ է լուծվում ժամկետը լրանալուն պես։
  2. Աշխատանքային գործառույթ և աշխատավայր:Պայմանագրում պետք է հստակ նշվեն Ձեր պաշտոնը (հաստիքը) և այն աշխատանքային գործառույթները, որոնք պետք է կատարեք։ Պարզեք նաև, թե որտեղ է Ձեր մշտական աշխատանքի վայրը։ Ստուգեք, որպեսզի Ձեր և գործատուի տվյալները լինեն ճիշտ։
  3. Աշխատավարձ: Պետք է հստակ նշվի Ձեր ամսական աշխատավարձի չափը՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները: Եթե նախատեսվում են պարգևատրումներ (բոնուսներ) կամ հավելավճարներ, պետք է հասկանալի լինեն դրանց հաշվարկման և վճարման պայմանները։ Պայմանագրում պետք է ամրագրվի աշխատավարձի վճարման ժամանակաշրջանը (օրինակ՝ ամսական մեկ անգամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը)։
  4. Աշխատանքային ռեժիմ և արձակուրդ: Պարզեք, թե որքան է կազմում Ձեր աշխատանքային շաբաթվա տևողությունը (օրինակ՝ շաբաթական 5 օր՝ 40 ժամ) և օրական աշխատաժամանակը։ Ուշադրություն դարձրեք արտաժամյա աշխատանքի կանոններին և վճարման չափին։ Պայմանագրում պետք է նշվի Ձեզ տրամադրվող ամենամյա վճարովի արձակուրդի տևողությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ «Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր»:
  5. Պայմանագրի լուծում և ծանուցում: Ծանոթացեք այն դրույթներին, որոնք վերաբերում են պայմանագրի լուծմանը (դադարեցմանը)։ Հստակեցրեք, թե ինչ ժամկետներում եք Դուք կամ գործատուն պարտավոր ծանուցել պայմանագիրը լուծելու մասին։ Օրինակ, աշխատողի նախաձեռնությամբ լուծման դեպքում պահանջվում է առնվազն 30 օր առաջ գրավոր ծանուցում։
  6. Գաղտնիության և տվյալների մշակման պայմաններ: Շատ գործատուներ աշխատանքային պայմանագրում նախատեսում են գաղտնիության վերաբերյալ դրույթներ, ինչը նորմալ պրակտիկա է։ Այս պարագայում պետք է հստակ լինի՝ ո՞ր տեղեկատվությունն է համարվում «գաղտնի», որքա՞ն ժամանակ եք պարտավոր պահպանել գաղտնիությունը, ինչպե՞ս է մշակվելու ձեր անձնական տվյալները:

Վերջում կիսվեմ մի քանի օգտակար խորհուրդներով՝

  • Երբեք մի՛ ստորագրեք այն, ինչ ամբողջությամբ չեք կարդացել։
  • Մի՛ ստորագրեք չլրացված կամ անհասկանալի պայմանագիր։
  • Եթե ինչ-որ կետ մտահոգում է, կարող եք խորհրդակցել վստահելի իրավաբանի հետ։
  • Միշտ պահանջե՛ք Ձեր օրինակը։ Պայմանագիրը կնքվում է առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պետք է մնա Ձեզ մոտ։
  • Համոզվե՛ք, որ կնքված է հենց ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, և ոչ թե ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, եթե Դուք մտադիր եք աշխատանքի անցնել որպես աշխատող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր երաշխիքներով։

Ավետիք Հարությունյան

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաև պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
04.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031