Սկիզբը՝ այստեղ:
Սուտ, որը վիրավորեց ամեն իրական հայի սիրտը։ Հայաստանի նորագույն պատմության ամենացավալի թեմաներից մեկը ռազմագերիների ճակատագիրն է։ Պատերազմի ավարտից հետո հնչած հայտարարությունը, թե իբր «մեր գերիները կներեն մեզ, եթե 2–3 ամիս ավել գերեվարված մնան», ոչ միայն սառն ու դաժան խոսք էր, այլ դարձավ ամբողջ քաղաքական մոտեցման խորհրդանիշ. անտարբերություն, պատասխանատվությունից փախուստ։
Այս խոսքը ցավեցրեց հազարավոր ընտանիքների, որոնց որդիները, եղբայրները, ամուսինները շարունակում էին մնալ գերեվարված՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ ճակատագրի են արժանանալու։
Գերեվարվածների հարցում բացակայում է պետական կամքը։ Պատերազմից անցել են տարիներ, բայց մինչ այսօր չկան հստակ ժամանակացույցեր, չկան հետեւողական բանակցություններ, չկա միջազգային ճնշում Ադրբեջանի վրա, չկա համակարգված պետական մոտեցում։
Կարդացեք նաև
Գերիների վերադարձի գործընթացը փաստացի հանձնվել է ճակատագրի հայեցողությանը, ոչ թե պետական ռազմավարությանը։ Մշտապես հնչում են անորոշ ու դատարկ խոստումներ, իսկ իրական աշխատանք՝ գրեթե չկա։ Մինչ օրս գերիների հստակ թիվ չկա. դա արդեն ողբերգություն է: Պետությունն անգամ այս պարզագույն հարցին պատասխան չունի՝ քանի՞ հայ զինվոր, քաղաքացիական անձ կամ պահեստազորային է մինչ այսօր գերեվարված։
Ավելին. պետական մարմինները տարբեր թվեր են հայտարարում, ընտանեկան ցուցակները չեն համընկնում պաշտոնական ցուցակների հետ, կան անհայտ կորածներ, որոնց մասով իշխանությունը լռում է։
Գերիների հարցը չի կարող լուծվել, եթե պետությունն անգամ չգիտի՝ ում է որոնում։ Ադրբեջանը պահում է հայ գերիներին որպես քաղաքական գործիք։
Ադրբեջանը շարունակաբար վերադարձնում է գերիներին «փաթեթներով»՝ ըստ սեփական մանիպուլյատիվ շահերի։ Սակայն ՀՀ իշխանությունները՝ փոխարենը դիմեն միջազգային կազմակերպություններին, դատական կառույցներին, իրավական ճնշման մեխանիզմներին, շարունակում են միայն աղերսող հռետորաբանություն, հայտարարություններ «հույսերի» մասին, եւ գրանցում են զրոյական արդյունք։
Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական կայուն ճնշումը ապահովում է գերիների վերադարձը, եթե պետությունը դրա համար պայքարում է։
Առանձին խորքային հարց է Արցախի վերնախավի շրջանակներում մեր գերիների հարցը։ Ադրբեջանական թերթերն արդեն գրում են, որ Արցախի նախկին ղեկավարներից ու պաշտոնյաներից մի խմբին սպառնում է ցմահ դատապարտում, մյուս խմբին՝ 16-20 տարի դատապարտում, իսկ Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը շարունակում է մնալ օդից կախված ու անորոշ։ Իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են լռել։ Տպավորություն է, որ Արցախի հետ կապված յուրաքանչյուր հարց մեխ է սրանց սրտերին։ Քար լռությունը ո՛չ միայն մի շարք հարցերի հիմք է դառնում, այլեւ վիրավորանքի ու ատելության պատճառ։
Հասարակությունը պայքարում է, իշխանությունը՝ ոչ։ Գերիների ընտանիքներն ու հասարակական խմբերն ամիսներով կանգնել են պետական կառույցների առջեւ, երթեր են կազմակերպել, միջազգային կազմակերպությունների հետ կապեր են ստեղծում, իրենց ձայնն են բարձրացնում ամեն հնարավոր հարթակներում։
Սակայն իշխանության արձագանքը կամ լռությունն է, կամ անտարբերությունը, կամ հերթական «սպասենք նոր բանակցություններին» արտահայտությունը։
Նույնիսկ ընտանիքների հետ հանդիպումները երբեմն արվել են ձեւականության մակարդակով, առանց որեւէ կոնկրետ քայլի։
Այս նախադասությունը դարձավ ցավի եւ արդարացի ցասումի պատճառ, որովհետեւ այն իրականում նշանակում էր՝ «մենք չենք շտապում», «երկու-երեք ամիս ավելը տեւական ժամանակ չէ», «գերիների ճակատագիրը առաջնահերթություն չէ»։
Բայց իրականում յուրաքանչյուր օր գերի մնալը՝ հոգեբանական խորտակում է, ֆիզիկական տանջանք, նվաստացում, մարդու իրավունքների խախտում։
Գերին չի կարող եւ պարտավոր չէ «ներել» իր պետության անգործությունը։ Գերիների հարցը պետական անպատասխանատվության ամենաողբերգական օրինակն է։ Այս թեման չի կարող լինել քաղաքական շահարկման, անորոշ խոստումների կամ հայտարարությունների դաշտ։ Գերիների վերադարձը պետության ամենաբարձր պարտքն է։ Բայց տարիներ շարունակ մենք տեսել ենք՝ ոչ համապարփակ գործընթաց, ոչ պահանջատիրություն Ադրբեջանի հանդեպ, ոչ էլ միջազգային իրավական ճանապարհների օգտագործում։
Եվ ամենացավոտն այն է, որ այսօր՝ այսքան ժամանակ անց, մենք դեռ չունենք հստակ տվյալներ, չունենք հստակ ռազմավարություն, եւ հաճախ նույնիսկ չունենք պետական կամք։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2025


















































