Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է մտածի՝ կարո՞ղ է գոյատեւել 21-րդ դարում՝ առանց դաշնակցի. «Ազգ»

Դեկտեմբեր 05,2025 11:35

Թուրքիայի մերձեցումը Հայաստանին կարծես ներառում է հայոց պետության շահերից բխող որոշակի միջոցառումների խափանում՝ միաժամանակ օգնելով ներկայիս իշխող կառավարությանը՝ հաղթանակ տանել 2026-ի ընտրություններում: Մերձեցումն այն տպավորությունն է թողնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի ապաշրջափակումը շուտով կավարտվեն՝ անտեսելով այն որոշակի գործողությունները, որոնք Հայաստանի շահերն են պահանջում: Այդպիսով նկատելի է որոշակի տարակարծություն Հայաստանի՝ որպես պետության եւ ներկա կառավարության շահերի միջեւ:

Հունիսին, երբ Հայաստանում կանցկացվեն ընտրությունները, Թուրքիան հավանաբար մակերեսային միջոցառումներ կիրականացնի, որոնց Հայաստանի կառավարությունը նշանակալի կարեւորություն կվերագրի եւ կներկայացնի որպես մեծարժեք ձեռքբերումներ: Իրականում սակայն դրանք ընդամենը PR-ի նպատակ կհետապնդեն եւ ուրիշ ոչինչ: Այդ միջոցառումների շարքում հավանաբար կլինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաստորագրումը (բայց ոչ վավերացումը), սահմանների բացումը կամ սահմանափակումների վերացումը երրորդ երկրների քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների համար, նոր երթուղիների ներդրումը Հայաստանի ավիացիոն շուկայում եւ թուրքական քաղաքներում որոշ հայկական եկեղեցիների վերանորոգումը:

Պարզ է, որ Հայաստանի իշխանությունները պիտի փորձեն ցույց տալ հանրությանը, որ հայ-թուրքական վեցամյա բանակցությունները ոչ միայն առաջընթաց, այլեւ կոնկրետ հաջողություններ են արձանագրել: Այս հանգամանքը խիստ կարեւոր նախադրյալ է Փաշինյանի կառավարության նախընտրական փուլում:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը խորապես մտածված ռազմավարական մանեւր է Թուրքիայի կողմից: Դա հաշվարկված քայլ է՝ ուղղված Հայաստանին եւ նպատակ ունի միջազգային ընկալում ձեւավորել առ այն, որ Թուրքիան հետեւողականորեն հետապնդում է իր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակ: Պատմականորեն Թուրքիան հաճախ է դիմել նման քայլերի, հատկապես Ապրիլի 24-ի նախօրյակներին, որպեսզի մոլորեցնի միջազգային հանրությանը եւ նսեմացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Թուրքիան ձեւացնում է, թե մտադիր է կարգավորել հարաբերությունները, սակայն միաժամանակ երկարաձգում է գործընթացը, որպեսզի Բաքվի օժանդակությամբ առավելագույն զիջումներ կարողանա կորզել Հայաստանից:

Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես եղբայրական թյուրքալեզու պետություններ, վարում են միասնական, համաձայնեցված արտաքին քաղաքականություն՝ հետապնդելով գրեթե միեւնույն շահերը: Ադրբեջանը Թուրքիայի վրա է հույսը դրել՝ Հարավային Կովկասում ընդլայնելու իր ազդեցության ոլորտը եւ հակակշռելու Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունները, մինչ Թուրքիան պաշտպանում է Ռուսաստանի դեմ Բաքվի աներեր դիրքորոշումը:

Արտաքնապես ջերմ հարաբերությունների ետեւում (Պուտին-Ալիեւ հանդիպումը որպես օրինակ) Ադրբեջանը շարունակում է կալանավորել ռուս քաղաքացիներին, ինչը միշտ վիճարկման առիթ է հանդիսանում Ռուսաստանի արտգործնախարարության համար: Սակայն մերձեցումը, Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ ուղիղ կապը հեշտացնելուց բացի, նպատակ ունի բացել Հարավային Կովկասի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դռները:

Հայաստանը չի կարող դիմակայել այս երկու հզոր պետություններին՝ առանց թիկունքում ունենալու ռազմավարական մի դաշնակից՝ անկախ այն հանգամանքից, թե դա կլինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոմիությունը թե Չինաստանը: Հայաստանը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը, եթե մնա մեկուսացված՝ առանց հավատարիմ աշխարհաքաղաքական մի հովանավորի:

Հայաստանը պետք է մտածի, թե արդյո՞ք կարող է գոյատեւել 21-րդ դարում՝ առանց աշխարհաքաղաքական մի դաշնակցի, իսկ այդ դաշնակցի գտնվելու վայրը կամ կենտրոնը բոլորովին կարեւոր չէ:

Սուրեն Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլերեն բնագրից թարգմանեց Հակոբ Ծուլիկյանը (Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031