Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան Նիկոլին դարձրեց հաղթաթուղթ

Դեկտեմբեր 05,2025 17:19

Ժամանակ առ ժամանակ Հայաստանում ակտիվանում է դեբատը, թե ով է «քըխ» եւ ով «պուպուշ»՝ Ռուսաստանը, թե՞ Արեւմուտքը։ Դեբատի էլեմենտները հետեւյալն են․ ո՞վ բերեց Նիկոլին, ո՞վ հանձնեց Արցախը, ո՞վ է պահում Նիկոլին եւ, ի վերջո՝ ո՞վ կհանի Նիկոլին։ Իրականում այստեղ գուշակությունների կամ լավ ու վատ քեռիների որոնումների կարիք չկա, Նիկոլն ընդամենը պարզ աշխարհաքաղաքական հաշվարկի արդյունք է։

Ռուսաստանի համար ակնհայտ էր, որ ուկրաինական պատերազմի արդյունքում իր դեմ է հանվելու ողջ աշխարհը։ Բացի Բելառուսից ու Հյուսիսային Կորեայից՝ նրան անհրաժեշտ էին այլ վստահելի դաշնակիցներ։ Որպես այդպիսին ընտրվեց Թուրքիան, որը կարող էր շատ ավելի օգտակար լինել, քան Լուկաշենկոն, Կիմ Չեն Իրը եւ Հունգարիան միասին վերցրած։ Թուրքիան ապահովում է Ռուսաստանի «փափուկ փորատակը»՝ Սեւ ծովը, նեղուցներն է ապահով դարձնում ռուսական նավատորմի համար, լրտեսություն ու սաբոտաժ է անում ՆԱՏՕ-ում, լվանում է ռուսական փողերը, ծախում է ռուսական նավթը, «գորշ տարածք» է ծառայում պատժամիջոցներից խուսափելու համար եւ այլն։ Ի տարբերություն Մինսկի եւ Փհենյանի՝ նա այս ամենը անում է առանց աղմուկի, ծածուկ, փորձելով այնքան չեզոք երեւալ, որ հաճախ իրեն առաջարկում է որպես միջնորդ, կամ գոնե՝ բանակցությունների տարածք։

Աղասի Ենոքյան

Բնական է, որ այս ամենով, որքան էլ Անկարան գաղտնի գործի, նա իրեն դնում է Արեւմուտքի հետ հարաբերությունները կործանելու ռիսկի տակ։ Դրա համար էլ Էրդողանը Պուտինից մեծ գին պահանջեց՝ Արցախը, ենթադրելով, որ դրանով ինքը կարող է ամբողջովին ռեստարտ անել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ դեպի Արեւմուտք ուղղվածությունից շուռ գալ դեպի Մեծ Թուրանի ստեղծում։

Պուտինի համար եւս մեծ ռիսկեր կային, քանի որ Հարավային Կովկասը Ռուսաստանի անվտանգության համար պակաս էական չէ, քան Ուկրաինան։ Սակայն, թերեւս, Մոսկվան վստահ է, որ նա այստեղ ցանկացած պահի կարող է փոխել սլաքները, ինչպես, ասենք, արեց Վրաստանում (փակագծերում պետք է նշել, որ Պուտինը նաեւ վստահ էր, թե երկու շաբաթում կգրավի Ուկրաինան, բայց չստացվեց

Ինչեւէ, Ռուսաստանը Հայաստանում իշխանության բերեց Նիկոլին, որը մեկ հիմնական առաքելություն ուներ՝ Արցախը հանձնել Թուրքիային։ Միգուցե Զանգեզուրի միջանցքը եւս սկզբնական շրջանում ռուսական խոստումների շրջանակներում էր, բայց որ Թուրքիայի պահանջների մեջ էր՝ ակնհայտ է։

Նիկոլը կատարեց առաջադրանքը՝ Արցախը նվիրեց Թուրքիային, եւ դրանից հետո անում է ամեն ինչ՝ իր իշխանությունը հավերժացնելու համար։ Դրա կարեւոր դրսեւորումներից է նաեւ նրա «արեւմտասիրությունը»։ Արեւմուտքն էլ, շատ լավ հասկանալով Պուտինի գամբիտը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի շահագործի հնարավորությունների պատուհանը, օգտագործի Նիկոլին եւ Հայաստանը պոկի Ռուսաստանից։ Անգամ այժմ նա փորձում է սկսել Հայաստանին դեպի ԵՄ քարշ տալու գործընթացը, չնայած դրա համար բացակայում են տնտեսական, ինստիտուցիոնալ ու ժողովրդավարական հիմքերը։ Նաեւ՝ այս պատերազմները նշանակալի չափով վերցրել են մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ ընդհանրապես՝ ժողովրդավարական ինստիտուտների առջեւ դրվող պահանջները՝ տեղ թողնելով միայն ուժի քաղաքականության եւ Realpolitik-ի հաշվարկների համար։

Այս պատճառով էլ Նիկոլը իրեն կարող է թույլ տալ ամեն ինչ՝ հայհոյել, սրբապղծել, բանտարկել, Հայրենիք հանձնել, սպանել՝ նրա ձեռքը Արեւմուտքը չի բռնի, քանի որ ինքը այս ամենը արդարացնում է նրանով, որ կատարում է Արեւմուտքի պահանջը՝ ամրապնդում է իր իշխանությունը։

Ռուսաստանի համար Նիկոլը Թուրքիային նվերներ մատակարարող գործիք է, եւ նա չի բռնի Նիկոլի ձեռքը, քանի դեռ չի ավարտվել ուկրաինական պատերազմը, այսինքն՝ քանի դեռ Կրեմլին պետք է Թուրքիան, ասել է թե՝ Նիկոլը։ Այս պատճառով էլ Նիկոլը Արեւմուտքի համար տարբեր հակառուսական բեմադրություններ է կազմակերպում, խաղում է Մեծ Արջի զգայուն տեղերի հետ՝ ցույց տալու, որ ինքը ուզում է գնալ Արեւմուտք։ Իհարկե, իր անվտանգությունից ելնելով՝ նա իսկապես ուզում է գնալ դեպի Արեւմուտք, քանի որ շատ լավ հասկանում է, որ Թուրքիան, այսինքն՝ ինքը, Ռուսաստանին պետք է այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում է պատերազմը Ուկրաինայում, իսկ ավարտից հետո ինքն իր գոյատեւման համար կարող է միայն Արեւմուտքի վրա հույս դնել։

Հիշո՞ւմ եք բացարձակ անմեռ չարիքի՝ Кащей Бессмертный-ի մասին ռուսական պատմությունը, որի վախճանը գտնվում էր ձվի մեջ։ Նույնպես էլ Նիկոլի դարաշրջանի աշխարհաքաղաքական վախճանի ձվերն այժմ գտնվում են Ուկրաինայում։

Նիկոլն առանց որեւէ դիմադրության կանխազերծում է Վրաստանի օրինակով Հայաստանում ռուսական սցենարով իշխանափոխության վտանգը՝ մեկուսացնելով ռուսահայ օլիգարխներին։ Նա Ռուբեն Վարդանյանին հանձնում է Բաքվի դատարանին, իսկ Սամվել Կարապետյանին՝ անհեթեթ պատրվակով, ինքն է բանտարկում։ Կրկին՝ Ռուսաստանը լռում է, քանի դեռ հանուն Ռուսաստանի նա Հայաստանը ծախում է թուրքերին։ Արեւմուտքը եւս լուռ է․ հանուն ինչի՞ նա պետք է պայքարի ռուսական վտանգի դեմ։ Աշխարհաքաղաքական ինտերֆերենցիայի այս գագաթին Նիկոլն իրեն զգում է նույնքան անվտանգ, նույնքան կոմֆորտ, ինչպես պանիրը յուղի մեջ։

Նիկոլը հիմա բոլորի բարեկամն է, բացի հայ ժողովրդից։ Մի փոքր ռիսկ կա, որ հայ հասարակությունը կարող է նրա դեմ ապստամբել, կամ գոնե՝ ընտրություններին ձայն չտալ։ Այս հնարավորությունը չեզոքացնելու համար Նիկոլը գժտություն է մտցնում ընդդիմադիր գործիչների միջեւ, երկպառակություն՝ հասարակության մեջ, բանտարկում է ընդդիմախոսներին, քանդում է եկեղեցին, բանակը, լրատվամիջոցները, ամենակոշտ ու ցինիկ ձեւով օգտագործում է ոստիկանությանը ու դատարանները, բոլոր հնարավոր ու անպատկերացնելի միջոցներով պահպանում է իր աթոռը։

Ու այս ամենը կշարունակվի, քանի դեռ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ իրենից անկախ Նիկոլը դարձավ հաղթաթուղթ։

Աղասի Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031