Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր քրեական գործ՝ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ․ տնային կալանքի մեջ գտնվելով՝ նա Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ է կազմակերպե՞լ

Դեկտեմբեր 05,2025 20:00

Տեղեկացրել ենք, որ այսօր աշխատանքային օրվա գրեթե ավարտին Գյումրու քաղաքապետարանի շենքից ոստիկանները Շիրակի մարզի քննչական բաժին են տարել Վարդան Ղուկասյանի փեսային՝ Ավետիս Առաքելյանին, նրա օգնականին՝ Կարապետ Ղուկասյանին, կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանին։

Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։

Քննչական կոմիտեից մեզ պարզաբանել էին, որ նրանց թիվը 4-ն է, որոնցից 2-ը ձերբակալվել են։

Ավետիս Առաքելյանին Շիրակի մարզի քննչական բաժնից ազատ են արձակել ստորագրություն վերցնելով՝ երկրից չբացակայելու մասին։

Կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանին և Ավետիս Առաքելյանի օգնական Կարապետ Ղուկասյանին, որը Վարդան Ղուկասյանի ազգականն է, ձերբակալել են։

4-րդ անձը, որին այս գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում են հարուցել, մեր տեղեկություններով, Սպարտակ Ղուկասյանն է՝ Վարդան Ղուկասյանի որդին։

Նրա նկատմամբ սա արդեն 3-րդ քրեական գործն է հարուցվում, դրանցից մեկը շորթման հարկադրելու մեղադրանքով է:

Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով՝ բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով։

Մյուսը՝ Հակակոռուպցիոն դատարանում մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ կատարված խուլիգանության կասկածանքով է։ Նա դատարանում ասել էր․ «Ով մեզ ուժի լեզվով խոսա․․․ վոզդուխ», որը որակվել էր որպես հայհոյանք։

Այդ ժամանակ նոր քրեական գործ հարուցվեց նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Սպարտակ Ղուկասյանն էլ, որը տնային կալանքի տակ էր գտնվում, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ենթարկվեց երեքամսյա բանտային կալանքի։

Երրորդ գործը, որն առնչվում է իր քաղաքապետ հորը ձերբակալելու օրը Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություն կազմակերպելու հետ, տարօրինակ է առնվազն նրանով, որ այդ ժամանակ Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի մեջ էր, ինչպե՞ս է կարողացել զանգվածային անկարգություններ կազմակերպել։ Մեզ հասած տեղեկություններով, քրեական հետապնդման հիմքում նշված է, որ նա հեռախոսակապով է կազմակերպել զանգվածային անկարգությունը՝ Վարդանանց հրապարակում հավաքվածներին ուղղորդելով անհնազանդություն ցույց տալ ու թույլատրել իր քաղաքապետ հորը ձերբակալել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031