Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում
Մաս առաջին
Հայաստանի նորագույն պատմության մեկնարկին քաղաքական բռնաճնշումներն ու հետապնդումները տարբեր ձեւերով արտահայտվել են՝ սկսած խորհրդային վարչակարգի գաղափարական վերահսկողությունից մինչեւ անկախ պետականության առաջին տարիների ներքաղաքական բախումները։ Դրանք ոչ միայն սահմանել են քաղաքական դաշտի կառուցվածքը, այլ հետք են թողել հասարակական գիտակցության վրա։ Նորանկախ Հայաստանի գոյության տարիներին քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները մեր կյանքի յուրօրինակ ուղեկիցը դարձան՝ ամենատարբեր դրսեւորումներով։ Դրանք զարգացման գագաթնակետին էին հասնում հատկապես նախընտրական եւ հետընտրական փուլերում։
Այս հոդվածաշարով կփորձենք ներկայացնել Հայաստանում քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների մասին տեղեկություններ՝ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներից մինչեւ մեր օրեր։ Տարբեր հարցազրույցներում կներկայացնենք նաեւ հետաքրքիր, բացառիկ մանրամասներ՝ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում բավական յուրօրինակ դրսեւորումներ են ստացել մեր օրերում՝ 2018-ին «Թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման շրջանում՝ իրենց՝ կառավարիչների կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հատկապես Հայաստանի ներքաղաքական կյանքը մտավ լարված եւ բեւեռացված փուլ։ Պատերազմի արդյունքներով եւ տարածքային կորուստներով պայմանավորված հասարակական դժգոհությունը վերաճեց զանգվածային բողոքի ակցիաների, դրանք հաճախ ուղեկցվեցին իշխանության եւ ընդդիմության միջեւ բախումներով։ Ռազմական դրության պայմաններում սահմանափակվեցին հանրահավաքներն ու ազատ խոսքը։
Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանն առաջարկում է՝ նախ ուսումնասիրել քաղաքական հետապնդումների ենթակառուցվածքը. «Ցանկացած իշխանություն՝ իր իշխանավարման շրջանում, դատաիրավական համակարգը ինչ-որ ձեւ վերափոխելով ստեղծում է ենթակառուցվածք՝ քաղաքական հետապնդումների «բարեհաջող» իրականացման համար։ 2018-ի իշխանափոխությունից հետո, անմիջապես, մենք ականատես եղանք նրան, թե ինչպես է նոր իշխանությունը փորձում՝ կամ իր կարծիքով, կամ իրականում նախկին իշխանությանը լոյալ դատաիրավական համակարգն արագ փոխել։ Ընդ որում՝ ոչ թե անկախ դառնալու ուղղությամբ, այլ լոյալության տիտղոսակրին փոխելու ուղղությամբ»։
Առաջին ամենահնչեղ օրինակը 2018-ին ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսումն էր՝ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի եւ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերի մասին. «ԱԱԾ պետն ասում էր, որ աշխատանքը համակարգում է վարչապետի հետ, դատավորին ցուցում են տալիս՝ ուզեն-չուզեն կալանքը պիտի տան եւ այլն։ Այսինքն, ՔՊ-ական իշխանությունը դատաիրավական համակարգի ենթարկեցումը սկսեց հենց իշխանության առաջին տարվանից։ Դրան հաջորդեցին դատարանների շրջափակումները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելուց հետո, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները։ Իսկ երբ գործը գնաց ՍԴ՝ ՍԴ կազմը փոխվեց։ Դա ի սկզբանե հանրաքվեով էին ցանկանում անել, ի վերջո 2020 թ. կորոնավիրուսի համաճարակի ժամանակ արվեց՝ մեկ կուսակցության ձայներով։ Դրան հաջորդեցին ԲԴԽ-ում Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հետապնդումները, որպեսզի նրան Գագիկ Ջհանգիրյանով փոխարինեն»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ, այսպիսով, եթե ժամանակին մենք ենթադրում էինք, որ իշխանությունն ունի լծակներ, որոնցով ազդում է դատական համակարգի վրա, ապա այժմ ամենը տեսանք հրապարակային. «Բնականաբար, իր համակիրներին բերելը Նիկոլ Փաշինյանը մատուցում էր իբրեւ ռեֆորմ։ Բայց համակարգին մի քիչ տիրապետողները հասկանում են, որ Ռուբեն Վարդազարյանին Գագիկ Ջհանգիրյանով փոխարինելը ռեֆորմ չի։ Դրան էլ հաջորդեց նախարար, իր կուսակցության անդամ, իր նկարը աշխատասենյակի պատին փակցրած Կարեն Անդրեասյանով Գագիկ Ջհանգիրյանին փոխարինելը. սկանդալ եղավ՝ ստիպված գնաց։ Ապա, ապօրինի ձեւով պաշտոնի նշանակված Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատվեց sms-ով՝ «վարչապետի խնդրանքով»։ Այս ամենի համատեքստում, Ռաֆայել Իշխանյանը կարեւոր է համարում հիշել 2024 թվականի սկզբներին, «վեթթինգի» մասին խոսելիս Կարեն Անդրեասյանի այն միտքը, որ դատավորների 80 տոկոսն այդ ժամանակահատվածում են նշանակված եղել. «Սա, մեծ հաշվով, խոստովանություն է, որ դատական համակարգի ենթարկեցումն ավարտվեց»։
Հելսինկյան ասոցիացիայի նախկին ղեկավար Նինա Կարապետյանցն ընդհանուր զուգահեռներ անցկացնելով՝ ասում է. «Անհնարին եմ պատկերացնում, որ Սամվել Կարապետյանի դեպքը կարող էր լինել նախկինում։ Ուղղակի բացառում եմ։ Կային նաեւ հորինված մեղադրանքներ, գոյություն չունեցող մեղադրանքներ, բայց որ օգտագործվեր նման գործիք, որ խոսքի համար մարդուն կալանավորեն եւ 100 օրից ավելի մարդը գտնվի կալանքի տակ՝ չեմ հիշում։ Այն էլ՝ բառացիորեն ոչ մի բանի համար։ Նաեւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ այսպիսի ճնշումներ ես իսկապես չեմ կարողանում մտաբերել։ Ժամանակին, տարբեր կրոնական կազմակերպությունների մի անդամի նկատմամբ որեւէ ճնշումը՝ անհամեմատ ավելի մեղմ գործողություններով, ուղեկցվում էր միջազգային հանրության շատ հստակ, կոշտ արձագանքով։ Հիմա մենք տեսնում ենք մի ամբողջ կրոնական կազմակերպության՝ հիմնական եկեղեցիներից մեկի նկատմամբ անթույլատրելի, հակասահմանադրական, հակաիրավական, հակաբարոյական հարձակում եւ միջազգային գործընկերների տոտալ լռություն. ուղղակի ընկալելի չի։ Սա շատ վատ օրինակ է նաեւ այլ երկրների համար, որովհետեւ ռուսական ազդեցությունը թուլացնելու պատրվակով՝ իշխանությունը գնում է դեպի դիկտատուրա»։
Հիշեցնենք, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց՝ 2, 6 տարվա ազատազրկման՝ իր հարցազրույցներից մեկում արած՝ «ռեժիմի փոփոխության կոչերի» համար։ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել։ ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու եւ ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Համանման մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել ՀԱԵ Արագածոտնի թեմի մեկ տասնյակից ավելի հոգեւորականների եւ աշխատակիցների նկատմամբ։ ԱԱԾ-ն գրոհեց Վեհարան, խուզարկություն իրականացվեց Շիրակի թեմում եւ այլն։ Իսկ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների եւ իրեն ծափահարողների խմբով ամեն կիրակի որեւէ եկեղեցում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ հնչող աղոթքներում զեղչվում են Վեհափառ հայրապետին եւ Արցախ աշխարհին վերաբերվող հատվածները։ Այդ պայմանավորվածություններին պատարագը վարող հոգեւորականները գալիս են նախապես՝ ԱԱԾ աշխատակիցների՝ այցից հետո։
«Երբեւէ Ռուսաստանի մոլի երկրպագուն չեմ եղել, դժվար էլ թե երբեւիցե լինեմ, բայց օգտագործելով այդ շղարշը՝ հենց հիմա Հայաստանում տեղի են ունենում հակաիրավական, հակասահմանադրական գործողություններ։ Մեր միջազգային գործընկերները իսկապե՞ս չեն հասկանում, թե ի՞նչ է տեղի ունենում, թե՞ իրենց համար առանձնապես հետաքրքիր էլ չի՝ ի՞նչ արդյունքի կհանգեցնենք մեր պետությունը, ժողովրդավարության փշուրները, բայց սա մեր պետության համար իսկապես կործանարար գործընթաց է։ Ցանկացած իշխանություն ժամանակավոր է ու մենք պիտի պահպանենք ժողովրդավարության այն փոքր կտորները, որոնց հասել ենք համատեղ ուժերով, շատ դժվար պայքարով, շատ ծանր գին ենք դրա համար վճարել։ Հիմա՝ թույլ տանք ինչ-որ մի խմբակի՝ ավերակների վերածել մեր ժողովրդավարությունը, անթույլատրելի է։ Վերականգնվելը շատ ավելի ծանր է լինելու»,-ասում է Նինա Կարապետյանցը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շարունակելի
Հ. Գ. Մինչ հոդվածը նախապատրաստվում էր հրատարակության, հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Ներկայացվել է նաեւ Սրբազանին կալանավորելու միջնորդություն։
«Առավոտ» օրաթերթ
05.12.2025




















































