Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 06,2025 19:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Առաջին կանգառը եղել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է ՀՀ Կառավարությունը: Վարչապետն ընդգծել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել, անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է: «Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումը: Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է»,- ասել է երկրի ղեկավարը և հավելել, որ ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում: Մինչև սահմանազատումը գյուղը 90 տնտեսություն է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացը կարևորել է նաև կառավարման տեսանկյունից և ընդգծել՝ դրա կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գիտես քո պատասխանատվության գոտին և շրջանակը:

Այնուհետև խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները այցելել են նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031