-Հսկայական խռովքի մեջ են մեր ժողովրդի զավակներից նրանք, որոնք հայի սիրտ են կրում, ապրել են ու մասնակից են եղել հաղթանակների կերտմանն ու այսօր ականատես են եւ հիասթափված են Արցախի հանձնումից մինչեւ Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի կամքին ենթակա զիջումներ, Սփյուռքը պառակտող քայլերից, հայրենասիրության ծաղրանքից ու արժեհամակարգի ազգային ըմբռնողության խորտակմամբ: Ընթացքը դադար չունի ու գահավեժ շարունակվում է ՝ թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին, եկեղեցու սպասավորների նկատմամբ դավադրական քայլերով ժողովրդահաճո հերյուրանք փրփուրներով նպատակ ունենալով փշրել հայ ժողովրդի ու նրա հայրենիքի գոյատեւումն ապահոված ողնաշարը,- այսօր ՀՅԴ 135 ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին:
-Հարվածել հայ եկեղեցուն, ճանաչել Արցախը որպես ադրբեջանական հողամաս, մոռացության տալ Բաքվում կալանավորված մեր հերոսներին, հարցականի վերածել Հայոց ցեղասպանությունն ու դրա հետեւանքները, թուրք-ադրբեջանական տանդեմին ազատ անցք շնորհել Հայաստանի մեջ, Հայաստանը նկատել միայն այստեղ ապրող հայ, թե օտար քաղաքացիների հայրենիք, փոխել ազգային խորհրդանիշերը, հայոց պատմությունը վերածել լոկ Հայաստանի պատմության, դեռ այլ այլանդակություններով մտքերը պղտորել… այս ամենը ծրագրված ազգադավ ընթացք է, նկատեց Բագրատունին:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ վտանգված է մեր հայրենիքը, պետությունը, Հայ Առաքելական եկեղեցին՝ ամենուրեք, իր նվիրապետական աթոռներով. «Վտանգված ենք ազգովին՝ Հայաստանում, թե արտերկրում: Այլեւս անհանդուրժելի ձեւով հատվել են կարմիր գծերը: Անհայրենիք հայ մարդ, աշխարհաքաղաքացի սոսկ անհատ կերտել. հետեւողական այս դավը ակներեւ է, եւ առանց ամոթի արտահայտում են: Այս ամենը կատարվում է հանուն ժողովրդավարության, հանուն խաղաղության, հանուն տնտեսական բարեկարգումների, թափանցիկության բնութագրումներով: Մենք կողմնակից ենք արժանապատիվ խաղաղության, ոչ թե պարտադրված ու սին խոստումներով անհեռանկար խաղաղության»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































