Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Գործ ունենք արդեն նաև սեփական ժողովրդի նկատմամբ ուժի ցուցադրության, հանրության ահաբեկման գործընթացի հետ․ «Հայրենիք»

Դեկտեմբեր 07,2025 13:00

«Հայրենիք» կուսակցությունը 06.12.2025թ. գումարել է Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ահագնացող քաղաքական բռնաճնշումների հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը որոշել է հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանում իրավական ամենաթողության վիճակը շարունակում է խորանալ՝ ստանալով նոր, անընդունելի դրսևորումներ: Հատվել են արդեն բոլոր «կարմիր գծերը»։ Այլակարծության ցանկացած օջախ հայտնվում է իշխանությունների թիրախում, ստանում և՛ անձերի, և՛ ինստիտուտների դեմ պայքարի տեսք, ինչի վառ օրինակը ՀԱՍԵ դեմ իշխանությունների կողմից հայտարարված պատերազմն է։ Այս ամենը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, այն հետևողականորեն խարխլում է ժողովրդավարության հիմքերը՝ լուրջ վտանգ բերելով ՀՀ զարգացմանը։

Հայաստանի գործող իշխանությունների կողմից հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով շարունակվում է ազգային և հանրային պառակտման գործընթացը, նոր բաժանարար գծերի սահմանումը։ Ցավով պիտի արձանագրենք, որ լայն իմաստով վաղուց արդեն տիրող այս վիճակն այժմ բիրտ գործիքակազմով «ներմուծվում է» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, ավելի սուր դրսևորումներով՝ նաև դեպի Սփյուռք։ Հետևողականորեն իրականացվող այս քաղաքականությունը կործանարար ազդեցություն ունի մեր միասնականության համար և կարող է անդառնալիորեն խափանել համատեղ ջանքերով պետության ու ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները (այդ թվում և առաջին հերթին՝ անվտանգային) հաղթահարելու բոլոր հնարավորությունները։

Միաժամանակ, գործող իշխանությունների կողմից նշված քաղաքականությունն իրականացնելու համար կիրառվող մեթոդներն ու գործիքակազմը հուշում են, որ գործ ունենք արդեն նաև սեփական ժողովրդի նկատմամբ ուժի ցուցադրության, հանրության ահաբեկման գործընթացի հետ։ Սա դառնում է իշխանությունների համար նախընտրական փուլի հիմնական մարտավարությունը, և առնվազն չի բացառվում, որ ունի նաև այլ հեռահար նպատակներ՝ կապված այս իշխանությունների կողմից տարբեր ուղղություններով տրված տարաբնույթ խոստումների հետ։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանում տիրող ու խորացող ամենաթողությունն անթույլատրելի է և պարունակում է լրջագույն վտանգներ ու մարտահրավերներ ՀՀ համար։ Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում հնարավորինս սթափ գնահատել տեղի ունեցողը, ձևավորել սեփական քաղաքացիական դիրքորոշում, համախմբվել իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի շուրջ՝ արտահայտելով այս ամենի վերաբերյալ անհանդուրժողականությունն ու պայքարի պատրաստակամությունը։

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031