Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

«Արցախը Հայաստան է․․․ Նիկոլ ջան, ցավդ տանիմ, մեր հզոր վարչապետ»․ Փաշինյանը Գյումրիից հեռացավ նման վանկարկումների ներքո

Դեկտեմբեր 07,2025 18:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին այսօր մերժեց Շիրակի հոգևորաց դասը․ բոլորը մի մարդու պես հրաժարվեցին պատարագ մատուցել նրա օրակարգով, խմբագրել պատարագի տեքստն ու չհնչեցնել Վեհափառ Հայրապետի անունը, պատարագի մասնակցեց Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Այն մատուցեց Արմավիրի մարզից բերված քահանա Մկրտիչ  Մուշադյանը։

Պատարագը սկսվեց բավական ուշ, ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հեռանալ, թեև նրան եկեղեցու բակում բողոքներ ունեցող գյումրեցիներ էին սպասում։ Նրանք, նամակները ձեռքերին, կանգնած էին։

Դրսում ցուրտ էր, հորդառատ անձրև․ այն առավոտից մեկ վայրկյան անգամ չի դադարել, չնայած դրան՝ քաղաքացիները չէին հեռանում եկեղեցու բակից, թե հնարավոր է կարողանան տեսնել վարչապետին։

Մեծ թվով ուժայիններ, որոնք ևս թրջվել էին, շատերը հոգնել, հսկողություն էին անցկացնում եկեղեցու մոտ ու ամբողջ Վարդանանց  հրապարակում՝ փակելով բոլոր մուտքերը։ Նրանք հասարակ քաղաքացիներին չէր թույլատրում մոտ գնալ եկեղեցու շենքին։

«Իսկ ինչո՞ւ չի կարելի մտնել եկեղեցի», -հարցում էին բողոքավոր կանայք։

«Այդպես, չի կարելի և վերջ»,-պատասխանում էին ուժայինները։

Եվ երբ պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը  դուրս եկավ եկեղեցուց՝ բնակիչները հեռացող վարչապետի հետևից սկսեցին գոռալ․ «Փաշինյան ջան, կանգնիր էլի,  մեր տան հարցը մնաց»։

Քաղաքացիներից մեկն էլ բացականչեց՝ նրան հիշեցնելով, որ Արցախը հայկական է։ «Արցախը Հայաստան է», -բացականչում էր կինը։

Զուգահեռ Փաշինյանի համակիրները դիֆերամբներ էին ձոնում նրա հասցեին․ «Նիկոլ ջան, ցավդ տանիմ, մեր հզոր վարչապետ»։

Նշենք, որ ուժայինները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, քաշքշում նրանց, չէին թույլատրում մոտենալ Նիկոլ Փաշինյանին ու հարցեր ուղղել։ Լրագրողներից ոմանք փորձեցին բարձր հնչեցնել իրենց հարցը՝ Վարդանանց հրապարակով դեպի եկեղեցի շարժվող Փաշինյանին, սակայն նա ևս չլսելու տվեց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031