Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ՝ դրա շուրջ կայ միջազգային աճող ընկալում. «Հայրենիք»

Դեկտեմբեր 08,2025 10:30

Օգոստոսի 8-ի ուաշինկթընեան համաձայնութիւններից յետոյ ոմանց մօտ կարող էր տպաւորութիւն ստեղծուել, որ ձեռք բերուած համաձայնութիւնների եւ, յատկապէս` ԵԱՀԿ Մինսքի խմբի լուծարման պայմաններում, ղարաբաղեան հիմնախնդիրը հետապնդելու ցանկացած փորձ այլեւս ենթակայ է դատապարտման: Ի տարբերութիւն յարմարուողական այդ հոսանքների` Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չհեռացաւ իր նպատակների հետապնդումից:

Սոյն յօդուածով նպատակ ունենք անդրադառնալու վերջին ամիսների այս զարգացումներին, որոնք յստակ ցուցիչ են այն հանգամանքի, որ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ, որ` դրա շուրջ կայ միջազգային աճող ընկալում, եւ որոնք ներքին ու արտաքին խիստ անբարենպաստ պայմաններում հնարաւոր են դարձել Հայ դատի համակարգի հետեւողական աշխատանքների արդիւնքում:

Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Վերջին ամիսների ընթացքում ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում ամերիկեան քաղաքական վարքը գնահատելու համար յիշատակման են արժանի հիմնականում չորս քաղաքական իրադարձութիւններ:

Նախ` Յուլիսի 22-ին Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում Քոնկրեսի աւելի քան ութսուն անդամներ, որոնք, ըստ էութեան, ներկայացնում են քսանչորս նահանգները` ընդգրկելով աւելի քան 66 միլիոն ամերիկացիների, արտաքին գործոց նախարար որոնք Մարքօ Ռուպիոյին կոչ արեցին` ապահովել բռնագաղթուած հայերի «համախմբուած, պաշտպանուած եւ արժանապատիւ վերադարձը» իրենց բնօրրան` Արցախ, միջազգային իրաւունքի շրջանակներում եւ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատման նպատակով: Նամակի նախաձեռնողներն էին Քոնկրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները:

Քոնկրեսականները վարչակազմին յատուկ կոչ էին անում աջակցել Զուիցերիայի խորհրդարանի կողմից ընդունուած խաղաղութեան նախաձեռնութեանը, որը նպատակ ունի` «ստեղծել միջազգային բանակցային հարթակ` ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանուած եւ միջազգային երաշխիքներով վերադարձը»: Աւելի վաղ, յուլիսի 10-ին զուիցերիական այս նախաձեռնութիւնը լայնօրէն քննարկուել է Քոնկրեսում կայացած յատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին` Քոնկրեսի աւելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրաւունքների պաշտպաններ եւ քաղաքական վերլուծաբաններ: Միջոցառմանը ելոյթ էին ունեցել` Զուիցերիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոպելը եւ Լուքաս Ռայմանը, Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն կազմակերպութեան նախագահ Ճոն Այպնըրը եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը, իսկ քննարկումը վարել էր Հայ դատի յանձնախմբի քաղաքական հարցերով տնօրէն Ալեքս Կալիցքին:

Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններից շուրջ մէկ շաբաթ անց, շատերի համար գուցէ անսպասելի, արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակեց Ատրպէյճանում մարդու իրաւունքների մասին 2024-ի զեկոյցը, որում տեղ գտան խիստ առարկայական դիրքորոշումներ:

Զեկոյցը փաստում է, որ Ատրպէյճանում տեղի են ունեցել` կամայական սպանութիւններ, խոշտանգումներ, ապօրինի ձերբակալութիւններ եւ հետապնդումներ, իսկ կառավարութիւնը չի ձեռնարկել քայլեր` մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու համար:

Արդէն Սեպտեմբերի 19-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից աջակցուող փոփոխութիւնը` «2026-ի արտաքին գործոց նախարարութիւնը լիազօրութիւնների մասին օրինագծում», որը պարտադրում է արտաքին գործոց նախարարութիւնը` ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը, աջակցել Արցախի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի իրացմանը:

Արդէն հոկտեմբերի 4-ին Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը հաղորդեց, որ Քոնկրեսի Հայկական հարցերով յանձնախմբի եւ ամերիկահայ համայնքի հետեւողական ջանքերից յետոյ, Սպիտակ տան վարչակազմը աննախադէպ քայլ է արել` յայտարարելով, որ Միացեալ Նահանգները աշխուժօրէն խրախուսում է թէ՛ Երեւանին, թէ՛ Պաքուին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: Ի պատասխան Յուլիսի 22-ի նամակի` Քոնկրեսի Հայկական հարցերով յանձնախումբը Սեպտեմբերի 25-ին ստացել է արտաքին գործոց նախարարութիւնը գրութիւնը, ըստ որի, Միացեալ Նահանգները «անմիջականօրէն հետեւում են Ատրպէյճանում անօրինաբար կալանաւորուած էթնիկ հայերի դատավարութիւններին»: Միաժամանակ նախկինում չյայտարարուած տեղեկատուութեամբ հաստատւում է, որ` «Ամերիկայի դեսպանութեան աշխատակիցները Պաքուում ներկայ են լինում դատական նիստերին, երբ դա հնարաւոր է»: Նամակը եզրափակւում է` ընդգծելով, որ արտաքին գործոց նախարարութիւնը շարունակում է «կոչ անել Ատրպէյճանի կառավարութեանը` պաշտպանել Լեռնային Ղարաբաղում գտնուող հայկական մշակութային ժառանգութիւնը»:

Այսպիսով ամերիկեան գործադիր իշխանութիւնը այս քայլով փաստօրէն համերաշխութիւն է յայտնում Քոնկրեսի քաղաքական դիրքորոշմանը եւ ըստ էութեան ընդունում, որ ամերիկեան պետական քաղաքականութիւնը ճանաչում է եւ քայլեր է ձեռնարկում արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման եւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ, իսկ գերիների խնդիրը գտնւում է անմիջական մշտադիտարկման պայմաններում:

Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններից յետոյ յատկապէս, ամերիկեան քաղաքական այս վարքը մի կողմից անակնկալ էր, մէկ կողմից Հայ դատի յանձնախմբի հետեւողական աշխատանքի արդիւնք, իսկ միւս կողմից` Ատրպէյճանի դէմ գուցէ ամերիկեան նոր լծակ` Պաքուին վերահսկելի պահելու համար:

Այս արդիւնքին նախորդել էր Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից համայնքային ճնշման հսկայական աշխատանք, այդ թուում` հարիւրաւոր ամերիկահայերի կողմից advocasy days-երի (ջատագովման օրերի) կազմակերպում Քոնկրեսում, յանձնախմբի ելեկտրոնային յատուկ համակարգով մի քանի տասնեակ հազար ամերիկահայերի ներգրաւում եւ դիմումների ապահովում:

Քանատա
Շարունակում է էապէս արժեւորելի եւ գնահատանքի արժանի մնալ Քանատայի պետական դիրքորոշումը: Օգոստոսի 10-ին Քանատայի արտաքին գործերի նախարար Անիթա Անանտը, հանդէս գալով ուաշինկթընեան պայմանաւորուածութիւնների վերաբերեալ յայտարարութեամբ, ի թիւս այլնի նկատել է. «Դիւանագիտական բանակցութիւնների միջոցով ձեռք բերուած այսպիսի համաձայնութիւնները յստակ ուղի են բացում Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համապարփակ խաղաղութեան համար, որը կ՛օգնի լուծել մնացած խնդիրները, այդ թուում` բոլոր հայ ռազմագերիների եւ ձերբակալուածների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի ապահովումը, ինչպէս նաեւ` մշակութային ժառանգութեան պահպանումը:

Պելճիքա
Վերջին շրջանում Եւրոպայում մեզ համար խիստ յատկանշելի երկիր է դարձել Պելճիքան: Բանն այն է, որ Պելճիքայի դաշնակցային կառավարութեան 2025-2029-ի գործունէութեան ծրագրում յատուկ տեղ է յատկացուած արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը, եւ առկայ է յստակ պահանջ ուղղուած Ատրպէյճանին` ապահովել արցախահայութեան ապահով վերադարձի իրաւունքը: Պ

Զուիցերիա
Այս ընթացքում շարունակւում, թէեւ դանդաղ, բայց կայուն թափ է հաւաքում «Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան զուիցերիական նախաձեռնութիւնը», որն ամբողջապէս վայելում է Հայ դատի համակարգի զօրակցութիւնն ու գործնական օժանդակութիւնը:

Այսպիսով, ակնյայտ է, որ ղարաբաղեան հիմնախնդրի շարունակական միջազգայնացմանը միտուած` Հայ դատի համակարգի քաղաքական առաջնահերթութիւնը ոչ թէ իրականութիւնից կտրուած մերկապարանոց քաղաքական ցանկութիւն է, այլ` քաղաքական յստակ ծրագրումի եւ հետեւողական աշխատանքի պայմաններում ամբողջապէս իրատեսական գործընթաց, որի առաջին արդիւնքներն արդէն իսկ առկայ են:

Ի հարկէ պէտք է հաշուի առնել, որ արդէն իսկ արձանագրուած արդիւնքներին հնարաւոր է եղել հասնել` ներքին ու արտաքին քաղաքական խիստ անբարենպաստ պայմանների, միջազգային յարաբերութիւնների շարունակական անկայունութեան, խոշոր վերադասաւորումների, նոր աշխարհակարգի ձեւաւորման, իսկ Հայաստանում յանձնուողական կառավարութեան իշխանութեան պայմաններում, որը ոչ միայն չի նպաստում ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացմանը, այլեւ ուղղակի հակառակ պայքարի մէջ է:

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի
Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» շաբաթաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031