2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ընտրութիւններն ընկալւում էին որպէս վերջին եւ գլխաւոր փորձ յաջորդ տարուայ Յունիսի խորհրդարանական ընտրութիւններից առաջ: Նկատի ունենալով այս ընտրութիւնների հոգեբանական եւ ոչ միայն հոգեբանական նշանակութիւնը` մեծ էր վերջինիս նկատմամբ հետաքրքրութիւնը: Սրանով էին բացատրւում նաեւ իշխանութեան ձեռնարկած քայլերը` իր գործելաոճով եւ պետական ռեսուրսի լայն կիրառմամբ: Լաւ պատկերացնելով Վաղարշապատ քաղաքի բնակչութեան բորբոքուած հակաիշխանական տրամադրութիւնները, որոնք աւելի էին խորացել իշխանութեան ձեռնարկուած հակաեկեղեցական արշաւի պատճառով, իշխանութիւնը կանխաւ այս համայնքին էր կցել նաեւ Խոյ խոշորացուած համայնքը: Իրադարձութիւնները փաստեցին կանխագուշակումների արդարացուածութիւնը` իշխանական թիմը պարտուեց Վաղարշապատ քաղաքում, փոխարէնը առաւելութեան հասնելով, մասնաւորապէս, Խոյում, որտեղ ունէր ձեւաւորուած եւ կանխատեսելի առաւելութիւն: Իհարկէ միայն այս քայլով չէր բաւարարուել իշխանութիւնը` մինչեւ ընտրութիւնների օրը արդէն խօսակցութիւններ էին տարածուել ընտրատարածքի զանազան պաշտօնեաների, ազդեցիկ խմբերի ու անհատների հետ իրականացուած «յատուկ» աշխատանքի, բազմաթիւ անյայտ անուններ տարբեր հասցէների վրայ գաղտնաբար գրանցելու փաստերի բացայայտման եւ այլնի մասին: Ակնյայտ ապօրինութիւններն իհարկէ դրսեւորուեցին բուն ընտրութեան օրը` տարբեր ընտրակեղծարարութիւնների կիրառմամբ, որոնց թւում հոսանքի անջատումներն ու այդ ընթացքում քուէաթերթիկների լցոնումներն էին: Մի բան, որից Նիկոլ Փաշինեանի «ուսուցիչներըէ հրաժարուել էին դեռեւս անցած դարում: Եւ այս խայտառակ երեւոյթը կրկնւում է արդէն մի քանի տեղական ընտրութիւնների ժամանակ:
Ուշագրաւ է, որ այս ընտրութիւնների ժամանակ տեղի Քպ-ականները նպատակայարմար էին, գտել, որ Նիկոլ Փաշինեանը ընտրատարածքում չերեւայ, ինչպէս եւ քիչ աչքի զարնի իրենց թեկնածուի պատկանելութիւնը ՔՊ-ին:
Պատահական չէ, որ գերագնահատուած յաղթանակը տօնելու օրն իսկ Նիկոլ Փաշինեանի նեարդերը չդիմացան, եւ հրահանգեց խուզարկել առաջատար ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների տները եւ յարուցել քրէական գործեր:
Ուշադրութեան արժանի է նաեւ այն հանգամանքը, որ ընտրութիւններից յետոյ դիմելով համայնքի բնակիչներին` Նիկոլ Փաշինեանը մասնաւորապէս ասել է. «ձեր ընտրութեամբ կարեւոր լիցք տուեցիք մեր սրբութեան սրբոցը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսեանից ազատելու գործընթացին»:
Ինչո՞ւ է Փաշինեանը բարոյական եւ քաղաքական ծանր գնով ձեռք բերած յաղթանակից անմիջապէս յետոյ հարկ համարում անդրադառնալու նաեւ այս թեմային: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը դարձրել հակաեկեղեցական պառակտչական պայքարը` իր համար ճակատագրական նշանակութեան ընտրութիւններից առաջ, երբ ակնյայտ է, որ գրեթէ ողջ հայ ժողովրդուրդն աւանդական մայր եկեղեցու հետեւորդ է եւ այս քայլով վարչապետը կորցնում է նաեւ իր ոչ ստուար համակիր զանգուածներին:
Տրամաբանական բացատրութիւնն այն է, որ Նիկոլի հիմնական յոյսը ոչ թէ ընտրողներն են, այլ արտաքին պատուիրատուները: Որքան աւելի ակնառու է դառնում խորհրդարանական գալիք ընտրութիւններում ՔՊ-ի յաղթելու անհնարինութիւնը, Փաշինեանն աւելի մեծ եռանդով է փորձում Հայաստանում առաջ մղել արտաքին ուժերի ծրագրերը: Բնականաբար, ամէն թելադրող արտաքին ուժ ձգտում է իշխանութեան բերել այնպիսի դրածոների, որոնք տուեալ երկրում կ’ունենան որոշակի հեղինակութիւն եւ իշխանութեան վրայ գոյատեւելու կայունութեան որոշակի ռեսուրս: Այլ պարագաներում նրանք փորձում են բարոյապէս սպառուած գործիչներին փոխարինել քիչ վարկաբեկուած այնպիսի անձանցով, որոնց քաղաքական շարժումները կարճ ժամանակ անց չեն հեռացնի` փոխարինելով սեփական անկախ առաջնորդներով:
Փաշինեանը երկիրը մտցրել է մշտական հետապնդումներով եւ բանտարկութիւններով ուղեկցուող անկայունութեան դաշտ` փորձելով ապացուցել, որ իր իշխանութիւնը մնում է կենտրոնաձիգ, ամբողջովին իր կողմից վերահսկելի, մասնաւորապէս` խորհրդարանի, կառավարութեան, ուժային եւ իրաւապահ համակարգերի պարագայում:
Փաշինեանը պատերազմ է յայտարարել 1700 – ամեայ մայր եկեղեցուն:
Կարդացեք նաև
Մայր եկեղեցու դէմ ձեռնարկուած արշաւանքը եւ Ամենայն հայոց հոգեւոր առաջնորդին հեռացնելու սադրիչ յայտարարութիւնները հետապնդում են նաեւ ներազգային բախում հրահրելու նպատակը: Այդ պարագայում բախտախնդիր ղեկավարն առիթ կ’ունենայ գալիք ընտրութիւններն առաջաձգելու կամ յետաձգելու, քրէական հետապնդման ենթարկելու հեղինակութիւն վայելող գործիչների, ընտրապայքարից դուրս մղելու առաւել աչքի ընկնող քաղաքական ուժերի եւ այլն: Պատահական չէ, որ Նիկոլը մի քանի անգամ կրկնել է այն միտքը, թէ` եթէ ընդդիմութիւնը կարող է, թող յեղափոխութիւն անի: Ազգային ու պետական շահերը, երկրի կայունութիւնը սեփական իշխանութեան պահպանմանը զոհաբերող անձը ճգնում է մրցակցութեան օրինական հունից դէպի անօրինականութեան ու քաոսի դաշտ հրել պետութիւնն ու ազգային ուժերին, որտեղ ինքը կը կարողանայ իշխանութեան ապօրինութիւններն ու բռնութիւնները «օրինականացնել»` գործի դնելով ձեռքին խամաճիկի դեր կատարող ուժային ու իրաւապահ համակարգերին:
Կը կարողանա՞ ժողովուրդը, համախմբուելով ընդհանուր նպատակի շուրջ, միասնական ուժերով պետութեան նաւը դուրս բերել փրկութեան հորիզոններ:
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի 11-րդ համարում:


















































