Լրահոս
Օրվա լրահոսը

Երգեհոնային երաժշտության փառատոնը դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը. Դանիել Դանիելյան

Դեկտեմբեր 08,2025 13:40

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի ամփոփիչ համերգը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Փառատոնը կազմակերպվում է 2022 թվականից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին փառատոնի հաջող իրականացման առթիվ. «Երեք տարի առաջ, երբ քննարկվում էր փառատոնի գաղափարը, շատ քչերն էին հավատում, որ այն կկայանա։ Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ փառատոնը կայացել է և դարձել ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը»։

Դանիել Դանիելյանը կարևորել է նաև փառատոնի շրջանակում մի շարք երկրներից անվանի երգեհոնահարների հյուրընկալումը, ինչպես նաև նրանց մասնակցությունը ՀՀ մարզերում կազմակերպվող համերգներին ՝ընդգծելով, որ մշակութային կյանքի ապակենտրոնացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է:

Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել հայկական երգեհոնային դպրոցի տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ սկսած այն երաժիշտներից, որոնք նոր են բացահայտում երգեհոնի բարդ ու գեղեցիկ աշխարհը՝ Դավիթ Հովհաննիսյան, Արմեն Բաբայան, մինչև հայկական երգեհոնային դպրոցի լավագույն ներկայացուցիչներ, որոնք շարունակում են Վահագն Ստամբոլցյանի գործը՝ Աննա Բակունց, Կարինե Հովհաննիսյան, Լուսին Սարաջյան, Աննա Առուստամյան։

Երգեհոնահարների հետ հանդես են եկել նաև հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը,  սոպրանո Նելլի Քալաշյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031