«Իրանն այսօր». Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է:
Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը վերահաստատել են հարաբերությունների զարգացման հարցում երկու երկրների կամքը: Թյուրիմացությունները վերացնելու և խնդիրները կառավարելու համար Արաղչին կարևորել է շարունակական դիվանագիտական խորհրդակցությունների դերը։
Ավելի վաղ, Ադրբեջան այցի կապակցությամբ իր գրած ակնարկում Արաղչին նշել էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է նոր դարաշրջանի շեմին․ առաջացել է մի նոր միջավայր, որը ոսկե հնարավորություն է ստեղծել խաղաղության, կայունության և համընդհանուր զարգացման համար։ Մեր խորը համոզմունքն այն է, որ այս տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը ներմուծվող ապրանք չեն և կարող են ապահովվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ու առանց օտարների միջամտության։
Ցանկացած գործոն, որը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում անցանկալի փոփոխություններ կառաջացնի, համարվում է ոչ նորմալ և պահանջում է համատեղ միջոցառումներ։ Ակնհայտ է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում այնպիսի ծրագրերից, որոնք անտեսում են հարևանների կենսական շահերը, ինչպես նաև տեղական կարողությունների օգտագործում։
Կարդացեք նաև
Եվ այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ: Բարեկամական, եղբայրական և հարևան Ադրբեջան այս այցի ընթացքում մեծ պատիվ եմ համարում ինձ հետ բերել խաղաղության, բարեկամության և երկկողմ հարաբերություններում նոր և լուսավոր էջ բացելու Իրանի կառավարության ու ժողովրդի վճռական կամքի պատգամը:
Մենք մեկնում ենք Բաքու՝ շեշտելու, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները նպաստավոր միջավայր են ստեղծել փոխգործակցության ամրապնդման և տարանցման, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և մարդկային շփումների ոլորտներում տնտեսական համագործակցության նպատակային ընդլայնման համար»։


















































