Մայր Աթոռում նախատեսված եպիսկոպոսների ժողովի հետաձգման մասին լուրից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ շտապեցին հայտարարել, թե Եպիսկոպոսաց ժողովը տապալվեց: Վեհափառը չկարողացավ գումարել ո՛չ Եպիսկոպոսաց ժողով, ո՛չ էլ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ: Ըստ տարբեր իշխանական գնահատականների՝ եկեղեցին դուրս է եկել Վեհափառի վերահսկողությունից: Aravot.am-ը Բյուրականի հոգեւոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանից հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված ժողովի հետաձգումը:
«Տեսա՝ մի բարձրաստիճան պաշտոնյա փորձել էր Վեհափառի անունը իբրեւ թե ավազանի անունով գրել ու Կտրիճ բառը չ-ով էր գրել, եթե Կտրիճ բառի մասին է, պետք է ճ-ով գրվի: Իրենց տգիտությունը սկսվում է անձնանունները գրելուց, լուրջ խնդիր ունեն գրագիտության, առավել եւս հոգեւոր հարցերի հետ կապված: Իրենց գրառումները տգիտության դրսեւորում են: Եպիսկոպոսների ժողովը հետաձգվել է հենց եպիսկոպոսների մի մասի խնդրանքով, որովհետեւ ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահություն չունեն, որ այդ ժողովից առաջ կամ հետո նոր եպիսկոպոսների չեն տանի կալանքի: Հայաստանի իշխանությունները վստահություն չեն ներշնչում իրենց ապօրինի կալանավորումներով ու հոգեւորականների նկատմամբ բռնաճնշումներով: Վեհափառը խնդիր չունի՝ ցանկացած պահի կարող է եպիսկոպոսների ժողով հրավիրել, բայց շատ ճիշտ կլինի, որ կալանավայրում գտնվող մեր սրբազանների ներկայությունը ապահովվի, որովհետեւ եթե իրենք այդ ժողովին չեն մասնակցում, ժողովը լիարժեք չի լինում»,- ասաց Տեր Վրթանեսը:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի պնդումին, թե ժամանակն է՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու, Տեր Վրթանեսն ասաց. «Ալեն Սիմոնյանի խոսքը նաեւ լսեցի, որ ասում էր, որ նախկինում պարոն Կճոյանով է դիմել, որ դա իր տգիտության արդյունքն է եղել, ես իր կարծիքը կիսում եմ՝ իր տգիտության արդյունքն է եղել, նաեւ որ Վեհափառ հայրապետին էլ ավազանի անունով են դիմում ինքն ու իր շրջանակի մարդիկ, էլի իրենց տգիտության արդյունքն է:
Ինչ վերաբերում է հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելուն՝ Ալեն Սիմոնյանի այդ հայտարարության տակ ամբողջ գրառումներն էի նայում. ժողովուրդն ասում էր՝ կուզեինք՝ հաջորդ պատարագը Դադիվանքում, Ամարասում, Շուշիի Ղազանչեցոցում անեք: Ժողովուրդն ուզում է՝ հաջորդ պատարագը այնտեղ լինի, ոչ թե Մայր Աթոռում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































