Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏաԹևեր»-ը 4-րդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղի

Դեկտեմբեր 08,2025 14:10

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆից և ՀԱՀից։ Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում՝ 2024, 2023 և 2021 թվականներին։

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

Այս տարի «ՏաԹևեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։ Այսօր Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ։

«Տաթևեր»-ը ոչ միայն զբոսաշրջիկներին տանում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, այլև ուղեկցում է դեպի միջնադարյան Տաթևի վանք՝ նոր կյանք հաղորդելով տարածաշրջանին և այն վերածելով ճանապարհորդների, մշակութային նախաձեռնությունների ու տեղական բիզնեսների համար ձգողականության կենտրոնի։ Ծրագրի շնորհիվ տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումներն աճել են 11 անգամ։ Զբոսաշրջային հոսքերի աճը նպաստել է հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը․ Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել է B&B ձևաչափի շուրջ 40 նոր հյուրատուն։

«Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների և կամավորների ջանքերը՝ հանուն Սյունիքի զբոսշրջային և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագրի ամբողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը։

World Travel Awards մրցանակը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը։ Այն ամեն տարի ճանաչում և պարգևատրում է համաշխարհային զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում ակնառու նվաճումները։ Մրցանակը հաճախ անվանում են զբոսաշրջային «Օսկար», քանի որ այն շնորհվում է ոլորտի լավագույն նախագծերին՝ կատարելագործման ձգտման, բարձրակարգ սպասարկման և նորարարական մոտեցումների համար։

«ՏաԹևեր» ճոպանուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031