Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիները մտահոգված են, նույնիսկ մեզնից պահանջում են այնպիսի քայլեր, որոնք մեր լիազորությունների հետ կապ չունեն»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Դեկտեմբեր 08,2025 14:24

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդն այս օրերին արցախցիներից դժգոհություններ է ստանում՝ կապված Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների հետ։ «Մարդիկ մտահոգված են եւ խիստ բացասական են վերաբերվում այս ամենին»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Առավոտ»-ը Լեռնիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քննարկումներ են ընթանում թեմում, եւ ի՞նչ լուծումներ են տեսնում ստեղծված իրավիճակում։ Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարվեց փակագծեր բացել․ «Քննարկումներ եղել են, քննարկումներն արտացոլված են մեր հայտարարության մեջ։ Դրանից ավելի բան չունեմ ասելու»։

Եպիսկոպոսների այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Լեռնիկ Հովհաննիսյանն ասել էր, որ «Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը»։

Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ՝ որտեղ նշվում էր, որ խորհուրդը չի կիսում եւ դատապարտում է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի քայլերն ու մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»։

Հարցին, թե այս օրերին արցախցիներից ի՞նչ արձագանք են ստանում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողությունների վերաբերյալ, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Համենայնդեպս մեր հայտարարությամբ մենք արտահայտել ենք նաեւ արցախցիների կարծիքը։ Բնական է՝ մարդիկ մտահոգված են եւ այս ամենին վերաբերվում են խիստ բացասական։ Տարբեր մարդիկ նույնիսկ մեզանից պահանջում էին այնպիսի քայլեր, որոնք ընդհանրապես մեր լիազորությունների հետ որեւէ կապ չունեն։ Մարդիկ նամակներ են գրել նաեւ կոնկրետ ինձ, այսինքն՝ տարբեր ձեւով են արձագանքում, մենք էլ բացատրում ենք, որ հարցը մեր լիազորություններից դուրս է, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ հայրապետի տնօրինման տիրույթում է, մենք դրա հետ կապ չունենք»։

Մեր հարցին, թե Արցախի թեմի թեմական խորհուրդն այս իրավիճակում ինչպե՞ս է շարունակելու աշխատանքը, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մեր հայտարարությունը կա, եկեք այսօրվա իրավիճակում սահմանափակվեք դրանով, հետագա քայլերի մասին դուք տեղյակ կլինեք։ Թեմական խորհուրդն իր աշխատանքը շարունակում է, որովհետեւ թեմական խորհուրդն առաջնորդի ներկայացմամբ հաստատվում է Վեհափառ հայրապետի կողմից։ Եթե փոփոխություն լինում է, նորից Վեհափառ հայրապետին պետք է ներկայացվի նոր կազմ կամ անդամների փոփոխություն»։

Անդրադառնալով երեկ Գյումրում տեղի ունեցածին,  երբ հայ ժողովրդի համար սգո օրով պառակտման գործողություններ տեղի ունեցան՝ զուգահեռ երկու պատարագ անցկացվեց Գյումրիում, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․ «Դա նոր չէ սկսվել, որ դրա մասին խոսք ասեմ, դա ընդհանուր գործընթացների տրամաբանության մեջ է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031