Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ամեն օր լավ տեղեկությունների ստացման հույսով են ապրում, որ մի օր կարթնանան ու կտեսնեն՝ ադրբեջանցիները հեռացել են գյուղից։ «Առավոտ»-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ դեռ որեւէ տեղեկություն չունեն, թե ադրբեջանցիները երբ են պատրաստվում հեռանալ իրենց համայնքից։ «Ոչ մի ինֆորմացիա այս պահի դրությամբ չկա, ոնց կա, ըտենց մնում է այս պահին։ Բայց մենք սպասում ենք, որ լավ բան կլինի»,- ասաց նա։ Մեր հարցին՝ ինչ-որ տեղեկություն ունեն, թե՞ ենթադրում են, որ լավ բան կլինի, նա պատասխանեց․ «Մենք մտածում ենք, էլի, որ կարող է ինչ-որ լավ բան լինի»։
2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանը զավթել է Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ Ադրբեջանական վերահսկողության տակ անցել է նաեւ գյուղի գերեզմանոցը։ Ներքին Հանդի դպրոցը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից: Գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները գյուղի տարածքում իրենց դիրքերն ամրացրել են։
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղի խմելու ջրի հարցը լուծվել է․ «Մի հատ նոր ջրագիծ են քաշել, խմելու ջուր արդեն կա գյուղում, բայց նախկին ջուրը չկա»։
Կարդացեք նաև
Հարցին, թե սեպտեմբերյան հարձակումից հետո ստեղծված իրավիճակի հետեւանքով արտագաղթ եղե՞լ է Ներքին Հանդից, նա պատասխանեց, որ արտագաղթ չկա, անգամ ներգաղթ է եղել։ Թե ինչո՞վ է պայմանավորված ներգաղթը, նա ասաց․ «Իրենց ծննդավայրն է, մարդիկ գալիս մնում են, չեմ կարող ասել՝ ինչ նպատակով են գալիս»։ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ Ներքին Հանդ գյուղում այսօր փաստացի բնակվում է 32 ընտանիք՝ 65 մարդ։
Ներքին Հանդ գյուղում նաեւ լսում են, թե հարեւանությամբ գտնվող «Շիկահողի» պետական արգելոցում ինչպես են ադրբեջանցիները հատում ՀՀ անտառները։
Այն, որ ադրբեջանցիները, օկուպացնելով «Շիկահողի» պետական արգելոցի մի հատվածը, այնտեղ անօրինական հատումներ են իրականացնում, ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում հաստատել էր նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը՝ ասելով․ «Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»։
Ներքին Հանդի վարչական ղեկավարն ասաց, որ նույն իրավիճակն է արգելոցի տարածքում՝ ադրբեջանցիներն իրենց դիրքերն են ամրապնդում։ «Նույն է, ոնց 2022 թվականից կար, ընենց էլ մնում է, բան չի փոխվել։ Աշխատում են էլի, ձեն է գալիս, «դրուժբա» են աշխատեցնում, դիրքեր կան, փետ են տանում վառում, ինչ իմանանք՝ ինչ են անում, ով է մոտիկանում դրանց, որ տեսնենք»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































