ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի տեղակալ Անուշիրվան Մոհսենի Բանդփեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով գործընկերոջը՝ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է երկու ժողովուրդների պատմական փոխառնչությունները տարբեր ոլորներում. «Ուրախ եմ, որ այսօր էլ համատեղ ծրագրերի իրականացման լայն օրակարգ ունենք: Համոզված եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու զարգացման ոլորտներում»:
Նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է համագործակցությունը հուշարձանների վերականգնման աշխատանքներում՝ իրանական կողմի փորձի կիրառմամբ, ինչպես նաև մշակութային ժառանգության ոլորտում Հայաստան-Իրան համատեղ հայտերի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում:
Ալֆրեդ Քոչարյանը հիշատակել է Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում կայանացած՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարը, և շնորհակալություն հայտնել ջերմ և բարձրակարգ ընդունելության համար: Նա ընդգծել է՝ միջոցառում-համերգը բացառիկ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։
Կարդացեք նաև
Անուշիրվան Մոհսենի Բանդփեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իրանական կողմի համար առաջնահերթություն է ընդլայնել ու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ նաև մշակութային զբոսաշրջության ոլորտում: Նա հատկապես ընդգծել է՝ Իրանում գտնվող հայկական եկեղեցիների՝ զբոսաշրջության զարգացման թիրախ հռչակելու հանգամանքը:
Ձեռարվեստի և զբոսաշրջության ոլորտներում փոխհամագործակցության հեռանկարները քննարկելիս դիտարկվել են նոր նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները: Կարևորվել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































