Լրահոս
Օրվա լրահոսը

Հուդայի հետեւորդներ կլինեն այն հոգեւորականները, որոնք կգայթակղվեն Փաշինյանի «կաշառքով». Տեր Զարեհ

Դեկտեմբեր 08,2025 19:44

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կազմակերպված պատարագի անվան տակ քաղաքական հերթական ակցիան ոչ միայն դատապարտելի է, այլեւ հերթական կանոնական խախտումը: Այս մասին Aravot.am-ին ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Ֆեոդեսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

«Այնտեղ գտնվող հոգեւորականները լավ գիտեն՝ շատ կոպիտ խախտումներ են թույլ տվել: Առանց թեմակալ առաջնորդի, առանց սրբազան հոր օրհնության որեւէ քահանա ուրիշ թեմից պատարագ մատուցել թեմի տարածքում իրավունք չունի: Դա եկեղեցու կանոններից է: Այնտեղ գտնվող եպիսկոպոսներից մարդիկ կան, որոնք լավ հասկանում են, որովհետեւ իրենք էլ թեմակալ առաջնորդի իշխանությունն ունեն ու իրենց թեմի տարածքում որեւէ հոգեւորական, նույնիսկ եթե ուխտավորաբար իր համայնքով գալիս է, պետք է անպայման օրհնություն ստանա պատարագ մատուցելու համար: Պատարագիչ քահանան էլ, որը խորանից կատարում էր քաղաքական ակցիան, լավ հասկանում է իր արարքի հակականոնականությունը: Այդ մարդիկ պատրաստ են ամենազազրելի արարքներին էլ, միայն թե բավարարեն իրենց քաղաքական պատվիրատուի ցանկություններն ու ճաշակը», ասաց Տեր Զարեհը:

Նրա համոզմամբ՝ բոլոր հիմքերը կան այդ հոգեւորականներին կարգալույծ անելու. «Այդ հոգեւորականները, որոնք Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կանգնած էին իրար կողքի, թող իրար նայեին ու հիշեին, թե տարբեր ժամանակներում տարբեր առիթներով իրար հասցեին ինչեր են խոսել: Մեկը նայեր իր կողքին կանգնածին ու հիշեր, ես լավ հիշում եմ՝ ովքեր իրար մասին ինչեր են խոսել: Ես ցավ ապրեցի, որ իրենք այդքան թուլակամ գտնվեցին այդ ճնշումներին ու պարտված, ընկճված ու խեղճացած այնտեղ տեսա: Ինձ համար սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ կոմպրոմատներ են եղել, որ նրանց այդ կոմպրոմատներով ճնշել են, որ գնան այդ աստվածադավ որոշմանը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որով նաեւ Փաշինյանը երաշխիքներ է խոստանում հոգեւորականների ավելի բարեկեցիկ ապրելու համար, Տեր Զարեհը շարունակեց. «Երեւի թե Փաշինյանը տեղյակ է մեր եկեղեցու հոգեւորականների ֆինանսական դժվարություններից ու փորձում է այդ իմաստով շահագրգռել հոգեւորականներին, թե իբրեւ թե ավելի բարեկեցիկ ու ապահով կյանք կունենան, բայց մոռանում է, որ հոգեւորականն այս ամենը գիտակցելով է մտել այդ պատասխանատվության տակ ու նրան կաշառել դժվար հնարավոր լինի, եթե ի սկզբանե ուրացող չէ: Դրամով կամ կաշառքով շահագրգռելը հոգեւորականին հավասար է, որ այդ հոգեւորականը իրեն համահավասարեցնում է Հուդային, որովհետեւ Հուդան էլ հենց դրամից գայթակղված, իր ներսի չարությունը կուտակված դրամը առիթ եղավ, որ բացահայտվի ու գնաց մատնեց իր վարդապետին: Արծաթասեր ու պիղծ Հուդայի հետեւորդները կլինեն այն հոգեւորականները, որոնք կհամաձայնեն գործարքի գնալ հանուն դրամի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031