ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը
Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ համատեղ։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է, որ միջազգային իրավունքի, գլոբալ և տարածաշրջանային բազմակողմ համակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի մշակումն ու զարգացումը չեն հաջողել ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների արդյունավետ կանխարգելման գործում, իսկ տեխնոլոգիական առաջընթացը և պատերազմի միջոցների և զենքերի զարգացումը չեն նվազեցրել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։ Մարդածին այս աղետների կանխարգելման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակին և համախմբված արձագանքի ապահովման կարևորությունը։ Նշել է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բացահայտումն ու վերացումը, հատկապես՝ խոցելի խմբերի նկատմամբ, պետք է լինեն վաղ նախազգուշացման համակարգի հիմքը:
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վաղ նախազգուշացման և արձագանքման մեխանիզմների հայեցակարգային խնդիրներին՝ կարևորելով գործառնական ու քաղաքական բաղադրիչների համահունչ աշխատանքի ապահովումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2024թ. Հայաստանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հինգերորդ Գլոբալ ֆորումի նշանակությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՄԱԿ80 բարեփոխումների շրջանակներում համակարգային փոփոխություններին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանավորվածությունների խախտումների և պետությունների քաղաքականության ու առաջնահերթությունների անվտանգային բաղադրիչի ավելացման ֆոնին ՄԱԿ-ի համակարգի շարունակական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ:
Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված ՄԱԿ-ի կանխարգելման և ռիսկերի գնահատման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների հարցում հաշվետվողականության ապահովման մեխանիզմների զարգացմանը։
Ծանոթագրություն․ 2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։
2025թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ


















































