Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր կազմակերպել է «Հայաստանը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկում։
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան: 2015թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։
«Այսօրվա իրավիճակում միջազգային հարաբերությունները հեղհեղուկ իրավիճակում են, դրա հետեւանքով միջազգային իրավունքը գրեթե դադարել է գործել։ Ես նկատի ունեմ այն իրավունքը, որն առաջին հերթին վերաբերում է մեծ տերությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե ընդհանրապես միջազգային իրավունքը։ Միջազգային իրավունքը բազմաթիվ ոլորտներում գործում է, բայց այն մասը, որը քաղաքական մասն է միջազգային հարաբերությունների, մենք տեսնում ենք, որ այդտեղ միջազգային իրավունքը դարձել է ընդամենը փաստարկման միջոց այս կամ այն պետության համար, այս կամ այն պետությունն իր ուզած ձեւով է մեկնաբանում միջազգային իրավունքը այս կամ դրույթը։ Մեր աչքի առջեւ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն, բայց մեծ տերությունները բաց աչքերով, երբեմն վրդովմունքով, բայց առանց որեւէ գործողություն ձեռնարկելու հետեւում են այդ գործողություներին։ Գազայի ցեղասպանության վրա տարածվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, բայց որեւէ քայլ չի ձեռնարկվում, որովհետեւ այսօրվա միջազգային հարաբերությունները քաղաքական մասով այլեւս չեն հենվում միջազգային իրավունքի վրա»,- ասաց միջազգայնագետ Վարդան Պողոսյանը։
Նա նշեց, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում, բայց դրանից չի հետեւում, որ ընդհանրապես չի գործելու, եւ կարող են ստեղծվել բարենպաստ պայմաններ, որպեսզի այդ իրավունքն իսկապես գործի, ներառյալ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան:
Կարդացեք նաև
«Մենք չենք կարող այս կոնվենցիան հետադարձ ուժով կիրառել 1915 թվականի վրա, բայց այդ կոնվենցիան ստեղծվել է հենց այն պատճառով, որ եղել է 1915 թվականի ցեղասպանությունը։ Կոնվենցիայի հիմնական մշակողը՝ Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն տերմինն առաջարկելիս որպես նախատիպ է օգտագործել Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը։ Ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության կոնվենցիան իր ակունքներով, իր գաղափարական հիմքերով առաջին հերթին իր աչքի առջեւ նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Դրա համար այդ կոնվենցիան մեզ համար կարեւոր է այն առումով, որ դիվանագիտական քայլեր են ձեռնարկվել անցյալում, որպեսզի ցեղասպանություն երեւույթը դատապարտվի մարդկության կողմից եւ կիրառվի նաեւ այս կոնվենցիան։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան մեզ հետ առնչվում է նաեւ Արցախի մասով, վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն համապատասխան փորձագիտական եզրակացություն էր ներկայացրել Արցախում 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ դրանք դիտարկել էր որպես ցեղասպանություն»,- նշեց Վարդան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ ցեղասպանության անվան տակ նկատի չունեն միայն ազգային, կրոնական, էթնիկական որեւէ խմբի սպանությունն ու ոչնչացումը։ Ցեղասպանությունը շատ ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ ներառում է նաեւ այնպիսի արարքներ, որոնք սահմանված են կոնվենցիայի 2-րդ հոդվածում։ Ըստ այդ հոդվածի՝ ցեղասպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ՝ այդ խմբի անդամների սպանությունը, այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































